Բաց նամակ Սերժ Սարգսյան. Մարզերը չեն վստահում իշխանություններին

  • Ներքին կյանք - 23 Փետրվարի 2013, 19:26
Ավարտվեցին 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունները և, երբ արդեն հայտնի են արդյունքները, մանրամասն ուսումնասիրելով և համեմատելով դրանք նախորդ հինգ նախագահական ընտրությունների արդյունքների հետ, զուգահեռներ անցկացնելով հետաքրքիր պատկերների ականատես եղանք:

Ընդհանրապես նախորդ ընտրությունների (բացառությամբ 1991թ-ի) ժամանակ իշխանական թեկնածուին միշտ սատարել են հիմնականում մարզերի, մասնավորապես` քաղաքային համայնքների ընտրողները, այդպես էր 1996թ-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մերժվեց մայրաքաղաք Երևանում, բայց մարզերից ստացված արդյունքները հօգուտ նրան էին:

Այդպես էր 1998 - 2003թթ, երբ ընտրվեց ու վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը` կրկին հիմնականում մարզերի ընտրողների քվեներով դարձավ նախագահ: Սակայն մարզերի բնակիչների ձայները միայն ընտրություննրին կարևորելով այդուհետև ուշադրության չարժանացրին մարզերին:

2008 թվականի նախագահի պաշտոնը ստանձնելով դուք որպես նախագահ կարևորեցիք ՀՀ մարզերում տիրող իրավիճակը և, ուսումնասիրելով հիմնախնդիրները, բավականին լուրջ ներդրումային ծրագրեր ուղղեցիք դեպի մարզերը` բացի բյուջետային կոնկրետ հատկացումներից, ամեն տարի յուրաքանչյուր մարզին պահուստային ֆոնդից տրամադրելով շուրջ մեկ միլիարդ դրամ` հրատապ խնդիրների լուծման համար:

Բնականաբար, այս ամենը հաշվի առնելով է, որ փետրվարի 18-ին առավել մեծ վստահության ակնկալիք պետք է լիներ հատկապես մարզերի ընտրողներից: Բայց ընտրության արդյունքները ամփոփելուց հետո, պարզ դարձավ, որ գործող նախագահի օգտին բավականին ցածր արդյունքներ են գրանցվել մարզերում, հատկապես` քաղաքային համայնքներում:

Չգիտեմ գործող նախագահի խորհրդատուները երբևիցե կփորձեն վերլուծել, թե ինչու են տարիներ ի վեր անուշադրության մատնված մարզերը աջակցել իշխանություններին, իսկ ներկայումս թվում է ուշադրությունը գնալով զգալի է դառնում մարզային բնակչության նկատմամբ նրանք վստահության քվե չտվեցին գործող նախագահին:

Այս ընտրությունների արդյունքները հանգեցրեցին մի շարք խնդիրների, մասնավորապեսկապված տարվող կադրային քաղաքականության հետ. Նախ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարը վաղուց իր տեղում չէ. հանդիսանալով հիմնական կապող օղակ համայնքների և կառավարության միջև նա մեղմ ասած ոչ ճիշտ է իրականացնում այդ կապը: Միթե դժվար է հասկանալ որ տարիներ շարունակ մարզերում` միայն կարմիր ժապավեն կտրելն ու մարզպետների կազմակերպած խնջույքներին մասնակցելը բավարար չէ ու վաղուց ժամանակն է իրականում հանդիպել համայնքի բնակիչներին և լսել նրանց հուզող հարցերը:

Մարզպետների աշխատանքը գնահատվում էր միայն հարկ ու տուրք հավաքելով` չստեղծելով այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կտար բարձրացնելու բնակչության կենսամակարդակը: Իրավասու ատյանների անտարբերության արդյունքում է, որ բոլոր մարզպետները դարձել են տեղական ֆեոդալներ, որոնց հիմնական գործը մնացել է պաշտոնների առքուվաճառքը, մարզերը օտարների և յուրայինների բաժանելը, բարեկամ-թշնամիների մթնոլորտ ձևավորելը: Եվ ձևավորվում է մի իրավիճակ, երբ ընտրողը ընտրությունը կատարում է ոչ թե հանուն իր վաղվա օրվա, այլևտեղական ֆեոդալներից ազատվելու մեծ ցանկությունից ելնելով:

Կարծում ենք Բաղրամյան 26 լուրջ հետևություն պետք է անեն առաջարկելով լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել, մասնավորապես` պաշտոններից ազատել ՀՀ տարածքային կառավարման նախարարին, բոլոր մարզպետներին, ինչպես նաև, կառավարության այն անդամներին, որոնք կցված են եղել իրենց ծննդավայր- բնակավայրերում, նպաստելով` մարզերի բնակչության բարոյա - հոգեբանական վիճակի բարելավմանը, հավատի վերականգնմանը և մարզերում առողջ մթնոլորտի ձևավորմանը:

ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու

Ամենաընթերցվածը