Բարեւ տրակտոր, կամ կլինի՞ նոր «քաղաքագիտական վերլուծություն»

    • Մեկնաբանություն - Երկուշաբթի, 04 Մարտի 2013, 14:08
Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը հակասական քննարկումների առիթ է տվել: Օրինակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում էր Սերժ Սարգսյանի նստավայր նրա հետ երկխոսելու, ամենասուր քննադատություններից արդարանալու ու պաշտպանվելու կռվան նա շատ ուներ. ամենապարզը ՝ Սերժ Սարգսյանը դե ֆակտո իշխանություն իրացնող է, ու հաշվի առնելով իրավիճակը, բռնությունից ու հնարավոր բախումներից խուսափելու համար կարևոր է երկխոսություն և այլն:

Ծառուկյանի դեպքում ամեն ինչ բավական անհասկանալի է: Հանդիպումն այս անգամ ևս բավական փակ էր, այն իմաստով, որ հանրության անունից ներկայացող Րաֆֆին այդ նույն հանրությանը բավական քիչ ինֆորմացիա է փոխանցում հանդիպումների մասին:

Եթե Սերժ Սարգսյանի առաջ դրվում էր ուլտիմատում, բաց ու թափանցիկ, հրապարակից՝ գալ հանձնել իշխանությունը կամ գոնե գալ երկխոսել, ու այդ ուլտիմատումները նախագահականի մակարդակով արժանանում էին որոշակի հավանության՝ «մենք  միշտ պատրաստ ենք երկխոսության» ավանդական ձևակերպմամբ, ապա այժմ անհասկանալի է Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպման ձևաչափը:

Հակափաստարկ ասվածին կարող է լինել, ասենք, քաղաքական կոնսուլտացիաների շղթայում ևս մեկ դերակատարի հետ հանդիպումը ՝ դիվանագիտական ներկայացուցչություններից ու ՀՅԴ-ից հետո: Բայց այդ դեպքում, եթե Րաֆֆին մի կողմ է դնում իր ու իր կողմնակիցների կողմից իրեն որպես հաղթած նախագահ ճանաչելու փաստը, ու դավանելով բացության սկզբունքներին՝ չի զլանում կոնսուլտացիաների շարք սկսել, այդ թվում նախաձեռնել «ժողվրդի կողքին» գտնվող Ծառուկյանի հետ հանդիպում, ապա ինչու այդ նույն հանդիպումից ասենք չի կազմակերպվում իր հաղթանակը փաստացի ճանաչած Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հակասությունները բազմաթիվ են, բազմաթիվ են նաև այն իմաստով, թե ասենք ինչու երկխոսություն/հանդիպումը չի կազմակերպվում փոխադարձ ճանաչելիության մակարդակում, կամ եթե այն կազմակերպվում է նախօրոք, կարելի է ընտրել «չեզոք գոտի»: Ծառուկյանամերձ շրջանակներն անդադար շեշտում են, որ Րաֆֆին ինքն է կազմակերպել հանդիպումը, ինքն է հասկացել, թե ում պետք է բարևել, հստակ ցույց տալով Րաֆֆու հանդեպ իրենց ունեցած կրավորական վերաբերմունքը:

Խնդիրը թերևս մի քանի կողմ ունի: Նախ Րաֆֆին «ես ընտրված նախագահ եմ» ձևակերպման պատասխանատվության տակից դժվարանում է դուրս գալ: Հրաժարվել այդ ձևակերպումից՝ կնշանակի «զադնի» դնել, չհրաժարվել այդ ձևակերպումից՝ նշանակում է ռեսուրսներ որոնել քաղաքական պայքարը շարունակելու համար: ԲաRev-ը, նարնջագույն գեղեցիկ ժապավենները, քաղաքացիական երիտասարդության ակտիվությունն ինչքան էլ որ կարևոր, ու այս պահին թերևս միակ մնայուն ու սոցիալական կապիտալի վերածվող երևույթներն են, բայց ի վիճակի չեն քաղաքական շարժում պահել: Ուրեմն ինչ որ տեղից պետք է ռեսուրս գտնել:

ԲՀԿ-ն այս իմաստով ամենաակնհայտ հավակնորդն է, հաշվի առնելով, որ այն քաղաքականությունը պատկերացնում է կապիտալացման ամենապրիմիտիվ մակարդակում, ու միշտ պատրաստ է «կանխիկ» գործարքների սեփական սուբյեկտայնության բացակայությունը քաղաքական դաշտում ինչ որ կերպ իրացնելու համար: Ու այս կոնտեքստում, քննարկումների փակությունը բավական հատկանշական է:

Սա իհարկե չի նշանակում, թե Րաֆֆին գնացել է Ծառուկյանի մոտ ռեսուրս խնդրելու, բայց հաշվի առնելով ուղեկցող հանգամանքները, նման բան ենթադրելը կարող է զուրկ չլինել տրամաբանությունից: Խնդիրն այն է, որ Րաֆֆին ինքնին իռացիոնալության սահմաններում է գործում, կամ առնվազն այդ կերպ է մատուցում իր քայլերը, ու շատ դժվար է նրա այս հանդիպումը ևս համարել ռացիոնալ հաշվարկի հետևանք:

Բայց մի բան պարզ է, անկախ համագործակցության սուբյեկտներից՝ Րաֆֆին պետք է թափանցիկ ու բաց դարձնի Ծառուկյանի հետ հանդիպման մանրամասները, այն մանրամասները, որոնք իհարկե քաղաքական կոռեկտությունը թույլ է տալիս: Նրա հաջողության հիմնական գրավականը հենց ժողովրդի կողմից որպես բաց ու ոչ հիերարխիկ գործիչ ընկալվելն էր, ու հենց այս հիմքերով էլ նրան հաջողվում է քաղաքական շարժմանը զուգահեռ քաղաքացիական ակտիվություն գրանցել: Այդ գրավականներն այս պահին ամենամեծ ու կարծես թե միակ մնայուն կապիտալներն են, որոնք Րաֆֆին կարող է ֆիքսել:

Իսկ եթե նախընտրելի լինի ԲՀԿ հետ համագործակցությունը, կամ իրական քաղաքականությունը՝ «ռեալ պոլիտիկը», ինչը Րաֆֆու՝ որպես այդ քաղաքականության դերակատարի, լիարժեք իրավունքն է, ապա հրապարակում կանգնած մարդկանց կարծիքը հարցնելուց հետո վերջիններիս պետք է բացատրվի այդ համագործակցության առավելությունները, ասել է թե՝ Րաֆֆին պետք է «քաղաքագիտական վերլուծություն» ներկայացնի:

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հեռանկարը չստացվեց նախագահական ընտրությունների կոնտեքստում, բայց Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը» գոնե հիմք էր տալիս այդ համագործակցության ջատագովներին մեկնակետ ունենալ, որին կարելի կլիներ հղում անել: Ինչքանով էր դա ազնիվ, լավ կամ վատ, բաց գործընթաց՝ այլ հարց է, բայց գոնե յուրայինները որոշակի ծանուցվել էին ու հավանության էին արժանացրել այդ համագործակցությունը: