Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 10 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՄԱՐՏԻ 8, ԱՊՐԻԼԻ 7, 3-ՐԴ ՏԱՍՆԱՄՅԱԿ

Մարտի 8-ը Հայաստանում ընդունված մասսայական տոներից մեկն է: Նոր Տարվա տոնից բացի դժվար է հիշել մեկ այլ տոն, որը նշվի այդպես հանրայնորեն: Դա էլ իր հերթին նշանակում է, որ մարտի 8-ն էլ վազվզոցի տոն է: Եթե Նոր Տարուն հայերը վազվզում են ուտելիքի եւ նվերների հետեւից, ապա մարտի 8-ի վազքը “սննդազերծ” է, եւ թիրախը միայն նվերներն ու ծաղիկներն են: Ընդ որում, թեեւ կանանց տոն է, այդուհանդերձ տղամարդկանցից բացի նաեւ կանայք են վազում, որպեսզի ուրիշ կանանց համար նվերներ գնեն, ենթադրելով երեւի, որ Հայաստանում տղամարդկանց թիվն ավելի քիչ է եւ ոչ բոլոր կանանց համար վազող տղամարդ կգտնվի:
 
Դե, ամեն ազգ, ամեն ժողովուրդ, ամեն հասարակություն ինքն է ընտրում որեւէ բան տոնելու իր ձեւը: Դա էլ հայերի ընտրությունն է, որը կարող է շատերի, այդ թվում եւ շատ հայերի, դուրը չգալ: Բայց դա արդեն այն մարդկանց խնդիրն է, ում դուր չի գալիս որեւէ տոն վազքով տոնելու ձեւը:
 
Ազգերը, ժողովուրդները, հասարակությունները, տոնելու ձեւից առաջ, ընտրում են թե ինչն են տոնելու: Այդ առումով, մարտի 8-ի ընտրությունը, հատկապես ժամանակակից հայ հասարակության համար, բավական հատկանշական է:
 
Մարտի 8-ի ընտրության մասին թերեւս շատերը գիտեն: Ինչքան էլ չիմանան, Կլարա Ցետկինի անունը հաստատ կլինեն լսած: Լսած կլինեն ու կիմանան, որ 20-րդ դարասկզբին այդ կինը պայքարում էր կանանց իրավունքների համար եւ այդ պայքարի բովում էլ ծնվեց կանանց միջազգային տոնը, որ նշվում էր մարտի 8-ին, հատկապես սոցճամբարի երկրներում:
 
Երբ այդ ճամբարը քանդվեց, ինչի շնորհիվ անկախություն ձեռք բերեց նաեւ Հայաստանը, մարտի 8-ի փոխարեն որոշվեց կանանց տոնը նշել ավելի հայկական արմատ ունեցող ապրիլի 7-ին, այն հռչակելով մայրության եւ գեղեցկության տոն: Այդ որոշումը առավելապես պայմանավորված էր ամեն խորհրդայինից եւ սոցիալիստականից արագ ազատվելու ժամանակի իներցիայով: Բայց այդ արագ ազատվելն էլ իր տրամաբանությունն ուներ: Արագ վերափոխվելու համար պետք էր արագ ազատվել “սոցիալիստական” արժեքներից, որպեսզի հասարակությունը չլռվեր անցումային փուլում:
 
Ոչ միշտ էր հաջողվում սոցարժեքների մերժմանը զուգահեռ հանրությանն առաջարկել ժամանակակից եւ մրցունակ, բովանդակային նոր արժեքներ: Բայց մարտի 8-ի պարագայում կարծես թե հաջողվեց, եւ ապրիլի 7-ի առաջարկը, մեղմ ասած` վատը չէր: Բայց անցան 90-ականների ռոմանտիկ վերափոխման տարիները, եկան 2000-ականները, որոնք մեծ հաշվով հիշեցնում էին բրեժնեւյան “լճացման” թույլ` “լայթս” տարբերակը: Դա մի ժամանակ էր, երբ նոր արժեքների ներդրումը գրեթե կասեցվեց, եւ սկսեցին վերածնվել հին արժեքները` տարատեսակ պետական պարգեւների, շքանշանների, եւ սոցարժեհամակարգի այլ ատրիբուտիկայի վերականգնման տեսքով: Դրանց թվում էր նաեւ մարտի 8-ը: Այն վերստին հռչակվեց Կանանց տոն եւ օրացույցում նշվեց կարմիրով, որպես ոչ աշխատանքային օր:
 
Դա բացատրվեց նրանով, որ հասարակությունը ապրիլի 7-ն այդպես էլ չընդունեց, դրա համար ավելի ճիշտ էր մարտի 8-ը վերադարձնելը: Իրականում գուցե դա այդպես էլ էր: Բայց բանն այն է, որ շատ քիչ է լինում, երբ հասարակությունը նոր բանը միանգամից ընդունում է: Հենց դրա համար էլ պետք է էլիտայի, կամ այսպես կոչված էլիտայի կամքը, որ նորը արմատավորվի: Հայաստանի կառավարող էլիտան, կամ այսպես ասած էլիտան, 2000-ականներին այդ կամքի փոխարեն որոշեց առաջնորդվել ամբոխահաճությամբ, ու վերականգնվեց մարտի 8-ը:
 
Դա իհարկե ողբերգություն չէ, առավել եւս, որ “էլիտան” Հայաստանում շատ ավելի սխալ ու հանցավոր որոշումներ է կայացրել ու կայացնում: Բայց մարտի 8-ի “ոդիսականը” թերեւս բավական լավ է բնորոշում հայ հասարակության մոտ ամեն նոր բանի հանդեպ ներքին անհամարժեքության, անհանդուրժողության զգացումը, ինչպես նաեւ լավ է բնորոշում որեւէ նոր բանը հանրային-պետական կյանքում արմատավորելու ժամանակակից հայկական “էլիտայի” անկարողությունը կամ չկամությունը:
 
Ինչպիսին է այդ առումով լինելու անկախ Հայաստանի երրորդ տասնամյակը: Դժվար է ասել: Համենայն դեպս այդ տասնամյակի մեկնարկը, թե հասարակության նորընկալության, թե “էլիտայի” էլիտա լինելու եւ պատրաստված ու նորարար լինելու մասով տալիս է լավատեսության քիչ, շատ քիչ հիմքեր: Հայաստանում միշտ, կամ գրեթե միշտ, հին վազքը գերադասվում է նոր քայլքին:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
 
Հ.Գ. Համաձայն եմ, որ մարտի 8-ը քաղաքականացրել եմ: Բայց դա նշանակում է գնալ արմատներին ընդառաջ: Ի վերջո, Կլարա Ցետկինը կարծես թե ծաղիկների համար չէ, որ պայքարում էր:


 

 

Հակոբ Բադալյանի հոդվածները
ԻՍԿ ՎԱԽԵՆԱԼ ՊԵՏՔ Է
16:52:37 - 09/09/2010


Բաժնի նյութերը