Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 15 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ԱՆՀԱՍԿԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Հայաստանի կառավարությունը նոր հարկատեսակներ է փորձում կիրառել, ու դրա համար օրինագիծ էր ներկայացրել Ազգային Ժողով: Այն այդքան էլ լավ չընդունվեց եւ 15 օրով հետաձգվել է, բայց բարձրացրել է բավականաչափ աղմուկ: Բանն այն է, որ կառավարությունն առաջարկում է տարածքներում նոր հարկեր կիրառել: Ասենք, չմշակվող հողի հարկ, վաճառքի հարկ, հանրային տարածքները զբաղեցնելու հարկ, անավարտ շինարարության հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղիի հարկ: Կան էլի նոր հարկատեսակներ, որ ցանկանում է ներմուծել կառավարությունը, որոնք պետք է հավաքեն Տեղական ինքնակառավարման մարմինները: Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ հեռուստատեսությամբ ասում է, որ այդ հարկատեսակները կիրառվում են աշխարհում եւ հատկապես Հայաստանի ՏԻՄ համակարգին մոտ համակարգ ունեցող երկրներում: Այսինքն, ոչ մի արտառոց բան չկա եւ կառավարությունն իրենից ոչինչ չի հնարել, այլ ուղղակի կիրառում է այն, ինչ կա ուրիշ երկրներում:
 
Մեր կառավարությունը շատ հումանիստ է: Ընդ որում, կարելի է ասել, որ չարդարացված հումանիստ է: Ինչու կիրառել միայն այն, ինչ կա աշխարհում, ու չփորձել դրա հետ զուգահեռ նաեւ սեփական հարկատեսակները ստեղծել: Ինչու չօգտագործել բյուջե համալրելու բոլոր հնարավորությունները: Ինչու օրինակ չկիրառել քաղաքային կամ միջքաղաքային տրանսպորտից օգտվելու հարկ: Եթե մարդը կարող է 100 կամ 2000 կամ 3000 դրամ տալ տրանսպորտին, ապա ինչու մի 50-100 դրամ էլ չտա պետությանը: Կամ, սահմանել սուպերմարկետից ու շուկաներից առեւտուր անելու հարկ: Կամ թարմ միս, հատկապես ոչխարի, գնելու հարկ: Եթե որեւէ մեկը կարողանում է մեր օրերում թարմ միս գնել, ուրեմն թող բարի լինի պետությանը հարկ վճարել դրա համար: Պետք է սահմանել կոմունալ վարձերի հարկ: Եթե մարդը կարողանում է վճարել գազի, լույսի, ջրի եւ հեռախոսի համար, ապա ինչու չպիտի իր այդ վճարունակության համար հարկ վճարի պետությանը: Հետո ինչ, որ աշխարհում այդպիսի պրակտիկա չկա: Ի վերջո, նախաձեռնողականություն է պետք ոչ միայն արտաքին, այլ նաեւ հարկային քաղաքականության բնագավառում: Ինչքան ռեսուրսներ են անիմաստ վատնվում քաղաքացիների գրպաններում: Ինչեր կարելի է անել այդ փողերով: Օրինակ, ինչքան նոր մեքենաներ կարելի է գնել պետական պաշտոնյաների համար, որպեսզի նրանք արտասահմանյան պատվիրակությունների մոտ չմնան սեւերես: Միթե Հայաստանի իրեն հարգող որեւէ քաղաքացի կարող է գիշերը հանգիստ քնել, եթե իմանա, որ իր այսինչ կամ այնինչ նախարարը արթուն է ու մտածում է, թե ինչպես գնի այսինչ կամ այնինչ ֆիրմայի ավտոմեքենան:
 
Ընդհանրապես, ինչպես կարող են հանգիստ քնել քաղաքացիները, եթե գիտեն, որ իրենց գրպանում փող կա ու դա իրենք չեն տալիս պետությանը: Ինչու պիտի կառավարությունը ստիպված լինի հարկային օրինագծեր մշակել ու նոր հարկատեսակներ սահմանել: Միթե հնարավոր չէ կամովին գնալ եւ գրպանում եղած ամբողջ փողը տալ պետությանը:
 
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ


 

 

Ջեյմս Հակոբյանի հոդվածները
ՔԱՐԻՑ ՀԱՐԿ ՔԱՄՈՂ
11:28:37 - 13/03/2010
ԲԱՆԸ ՓՈՂԸ ՉԷ
11:09:58 - 02/03/2010


Բաժնի նյութերը