Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 15 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՍՈՎԵՏԱԿԱՆ ԶԱԶՐԵԼԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՑԱՆԿԱԼԻ ԵՆ

Ամերիկա չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ մեր երկրում արդեն վաղուց իշխանություն ունեցող ինստանցիաները եւ դրանք ղեկավարող մարդիկ ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում. այսինքն` ոչ թե միշտ գիտակցաբար են աչքը հանում, այլ երբեմն պարզապես ունքը սարքելու շնորհքն ու կարողությունը չունեն: Օրինակ, Երեւանի փողոցների երթեւեկության կանոնակարգումը մեքենա-հետիոտն հարաբերության մեջ: Պարզ է, որ նման հարաբերության մեջ հետիոտնը վարողի նկատմամբ արդեն իսկ կյանքի ու առօրյայի անհավասար դիրքում է. հետիոտնը ներկայացնում է թույլ, անպաշտպան եւ խոցելի կողմը: Ուստի օրենքներն ու կանոնակարգումը պետք է առավելագույնս կազմակերպվեն այնպես, որ նրա անվտանգությունն ապահովելուն ուղղված միջոցները միաժամանակ ծառայեն նրա հարմարությունը բարձրացնելու, նրա կյանքը հեշտացնելու, ժամանակը շահելու խնդրին:
 
Բայց մեզանում ճանապարհա-տրանսպորտային “ռեֆորմներից” հետո տեղի ունեցավ ճիշտ հակառակը. որպեսզի մեր հարգարժան մեքենաները կարողանան անարգելք սուրալ մայրաքաղաքի փողոցներով, ողջ քաղաքը փորեցին ու մի մեծ ավտոստրադա սարքեցին` իբր խճողումները կանխարգելելու նպատակով: Այնինչ երթեւեկությունը կարելի էր կանոնակարգել հազար անգամ ավելի քիչ ծախսատար` լուսանցույցների ճիշտ ու համակարգված դասավորությամբ ու տեղադրությամբ: Արդյունքում էլի տուժեցին հետիոտները, որովհետեւ նրանց ուղղորդեցին դեպի անվերջանալի գետնանցումներ ու վերնանցումներ: Ես վստահ եմ որ այդ որոշումները իրականացնողներից ոչ մեկը, ոչ էլ իրենց ընտանիքի անդամներից որեւէ մեկը երբեք հետիոտն չի շրջում քաղաքում ու այդ գետնանցումներով ու վերնանցումներով շնչակտուր վերուվար չի անում: Եւ զարմանալի չէ, որ մարդկանց մեծ մասը շարունակում է հրաժարվել այդ հոգնեցուցիչ վերուվարը անել եւ փողոցը հատում է անթույլատրելի տեղերում, բայց գետնի վրայով:
 
Հետո իջավ հետիոտների նկատմամբ տուգանային հրամանը` փողոցը նախատեսված անցումներում հատելու համար: Բայց կրկին` բացարձակ զրոյական մտահոգություն, թե ախր այդ անցումները` անգամ գետնի վրայովները, հարմար են հետիոտների համար: Կան փողոցներ, որտեղ կիլոմետրով ոչ մի անցում չկա, որովհետեւ ոչ մի խաչմերուկ չկա: Ուրեմն խեղճ հետիոտնը պիտի այդ կիլոմետրը կտրի, հետո հետ գա: Ընդհանրապես, Երեւանի փողոցներում եթե խաչմերուկ չկա` հատման հնարավորություն չի ստեղծված, կամ էլ եթե հիմա ստեղծվում է` դարձյալ հակահետիոտնային սկզբունքով` գետնի տակով կամ օդով: Ինչո՞ւ: Չէ որ եթե հետիոտնին ավելի հաճախ հարմարավետ անցումներ շնորհվեն` նրանք էլ ավելի հեշտ ու կամովին կենթարկվեն կանոններին, իսկ մեքենաներն էլ անթույլատրելի արագությամբ չեն սուրա քաղաքի փողոցներով… Դրա համար մի քիչ մտքի ճկունություն է պետք, մի քիչ հետիոտն քաղաքացիների մասին մտածելու ցանկություն, մի քիչ էլ Ռուսաստանից դուրս աշխարհի փորձին հետեւելու ցանկություն:
 
Հիմա էլ հազարավոր հետիոտն-հեռուստադիտողներն են ենթարկվելու նույն` աչքը հանելու վերաբերմունքին. Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային հանձնաժողովը կրկին որոշել է խստացնել ցենզուրան: Իբր` մեր երեխաները, անչափահասները չպետք է էրոտիկա, սարսափ եւ բռնություն պարունակող ֆիլմեր եւ հաղորդումներ դիտեն: Է լավ, միթե չի կարելի այդ պարունակությամբ ֆիլմերն ու հաղորդումներն իսպառ եթերից վերացնելու փոխարեն պարզապես սկզբում որեւէ ձեւով ազդարարել, որ կան այսպիսի-այսպիսի տեսարաններ կամ ուղեկցող նշան դնել էկրանի տակ` մինչեւ այսինչ-այսինչ տարեկանի երեխաներին ցանկալի չէ: Ոչ, սովետական զազրելի մեթոդներին վերադառնալն ավելի հեշտ է եւ ցանկալի, քան մի փոքր մտքի ճկունություն բանեցնելը եւ աշխարհի փորձին հետեւելը:
 
ՀԱՋԻ ՆԱԶԵՆԻ


 

 

Բաժնի նյութերը