Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 15 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ

Այսօր ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում հեռուսաընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքի 24-րդ հոդվածքվ նախատեսված չափորոշիչների սահմանման նախագծի վերաբերյալ: Ըստ որի` էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների նախագիծ.
 
Էրոտիկ բնույթի կամ էրոտիկ դրվագներ պարունակող հեռուստառադիոհաղորդումների որոշման չափորոշիչներն են`
ա) տղամարդու և (կամ) կնոջ պատկերում հեռավոր պլանով` սեռական օրգանների ցուցադրմամբ,
բ) սեռական գործողության և (կամ) դրա իմիտացիայի (նմանակում) ներկայացում, առանց սեռական օրգանների ցուցադրման,
գ) ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասնացված նկարագրություն:
 
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ցուցադրումը որպես դրվագ նպաստում է ստեղծագործության գեղարվեստական գաղափարական մտահղացման իրականացմանը և ապահովում է բովանդակային ամբողջականությունը:
 
Սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի չափորոշիչներն են.
ա) արնախում հրեշների, գենետիկ մուտանտների, այլմոլորակայինների, կենդանի մեռյալների, մարդասպանների, մահաբեր աղանդների, սատանայական կամ դժոխային արարածների, մոլագարների, գերբնական երևույթների ցուցադրումը, որոնք պարբերաբար հայտնվում են անսպասելի և խաղաղ իրավիճակներում, ինչպես նաև բնական աղետների չափազանցված պատկերումը, որոնք առաջացնում են սարսափի, վախի, տագնապի, անելանելիության, սոսկումի զգացողություններ և լրացուցիչ դիսթրեսս,
բ) մազոխիզմի, սադիզմի, առանձնակի դաժանությամբ մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, խոշտանգված մարմինների մանրամասների չարդարացված պատկերումը:


Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչներ են.
ա) հոգևոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացումը և վարկաբեկումը,
բ) պատմական իրողությունների և ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը,
գ) բարոյականության նորմերի ժխտումը, մարդկային արժանապատվության նսեմացումը, անբարո ապրելակերպի քարոզը, ծնողների և դաստիարակների հեղինակազրկումը,
դ) ֆիզիկական և հոգեկան արատներ ունեցող անձանց նմանակումը և ծաղրումը,
ե) օրինազանցության, հանցագործ կենսակերպի քարոզը, հանցագործների հերոսացումը և ռոմանտիզացիան,
զ) թմրամոլներին և հարբեցողներին նմանակելը,
է) գռեհկաբանությունը և հայհոյախոսությունը:
 
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը իր խոսքի սկզբում նշեց, որ նախորդ տարվա ապրիլ ամսին հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում կատարվեցին մի շարք փոփոխություններ, և այդ փոփոխություններից մեկով հանձնաժողովին իրավասություն վերապահվեց  սահմանել էրոտիկ բնույթի հեռուստահաղոդումների և սարսափ ու բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները: Նաև նշեց, որ վերջին շրջանում և մամուլում, և հանրային տարբեր քննարկումների ժամանակ շատ են անդրադարձել  հեռուստահաղորդումների, ինչպես նաև հեռուստասերիալների բովանադակությանը, որակին:
 
Պարզվում է` հանձնաժողովը չափորոշիչների մշակման հարցում չի սահմանափակվել իր հանձնաժողովականներով: Այս անգամ ընտրվել է աշխատանքային այլ մոդել. Ստեղծվել է աշխատանքային խումբ, որ թե մասնագիտական, թե գործունեության բնույթով առավել լայն կարող են ներկայացնել  հանրային կարծիքը: Աշխատանքային խմբում ներառված են եղել ՀՀ մշակույթի, հոգեբանության և մանկավարժության, գիտության և նաև հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակութային ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նպատակը մեկն է եղել` ստանալ չափորոշիչներ, որոնք  վստահաբար կարելի է ասել, որ  մեր ժողովրդի, մեր ազգային մտածողության, մեր հանրության  լայն շերտերին է հոգեհարազատ:
 
“Մենք մտածել ենք հետևյալը` որպես հայեր, որպես ծնողներ եթերում ինչին ենք դեմ և հաղորդումների և կամ ֆիլմերի մեջ որ դրվագները չէինք ցանկանա մեր երեխան դիտեր”, նշեց Գրիգոր Ամալյանը:


 

 

Բաժնի նյութերը