Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՍԴ-Ն ՇԱՐՔԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԵՐՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 22–ին վարույթ է ընդունել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հունվարի 10-ին թիվ 10 ընընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումը՝ տեղի ունեցած ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
 
Փաշինյանը ՍԴ-ից խնդրում է նաև դիմումի քննությունը նշանակել բանավոր ընթացակարգով՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ իր հատուկ կարգավիճակը՝ անազատության մեջ գտնվելը, ինչպես նաև դատարանին խնդրում է ձեռնարկել միջոցներ դատական քննարկումներին իր մասնակցությունն ապահովելու համար։
 
Ինչպես անցած շաբաթ տեղեկացրել էր ՍԴ մամուլի ծառայությունը, Փաշինյանի հայցադիմումը քննարկվելու է մարտի 5-ին` բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող դատավորներ են նշանակվել Ֆելիքս Թոխյանը և Հենրիկ Դանիելյանը: Պատասխանող կողմը լինելու է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից պատասխանող է լինելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
 
Ինչ վերաբերում է Փաշինյանի դատական նիստին մասնակցությանը, ըստ ՍԴ մամուլի պատասխանատու Պապիկյանի, այս առնչությամբ միջնորդություն է ներկայացվել, ինչը կքննարկվի առաջիկա օրերին։
 
Հայցադիմումում մեկ առ մեկ նշված են բոլոր այն ընտրատեղամասերը, որտեղ ընտրախախտումներ կամ միջադեպեր են տեղի ունեցել։ Ներկայացված են բոլոր ընտրատեղամասերում խախտումների վերաբերյալ իր վստահված անձանց արձանագրությունները, տեսագրություններն ու այլ նյութեր։
 
Փաշինյանը ընդհանուր առմամբ 34 փաստաթուղթ է ներկայացրել Սահմանադրական դատարան, և հաշվի առնելով բերված փաստարկներն ու հիմնավորումները, խնդրել է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
 
Անցած ուրբաթ Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնը ներկայացրել է թիվ 10 ընտրատարածքում կայացած մեծամասնական լրացուցիչ ընտրությունների հետընտրական զարգացումների վերաբերյալ միջանկյալ զեկույցը։ Դիտորդների գնահատականը բացասական է։
 
Զեկույցում նաև անդրադարձ կար մարտի 5–ին ՍԴ-ում նշանակված քննությանը։ «ՍԴ-ն պետք է քննությունը նշանակեր մեկ ամսվա ընթացքում, մինչդեռ քննությունը նշանակել է դիմումի ներկայացման 43-րդ օրը», ասել է առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը։ Նրան հիմնավոր չի թվում մեկնաբանությունը, թե հետաձգման պատճառը ՍԴ-ի ծանրաբեռնվածությունն է։ «Ընտրական գործերով ծանրաբեռնվածություն ՍԴ-ն ընդհանրապես չունի, քանի որ սա ընտրական գործերով ներկայացված միակ դիմումն է»։
 
Դիմումի քննությունն ուշացնելու վարկածներից մեկն այն է, որ եթե Փաշինյանի քրեական գործով դատավճիռը մինչև մարտի 5-ը օրինական ուժի մեջ մտնի, ապա ՍԴ որոշումն այլևս անիմաստ կլինի։
 
Ինչպես տեղեկացանք Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանից, բողոքը Վերաքննիչ դատարան դեռ չի ներկայացվել։
 
Սակայն ՍԴ մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը մատնանշում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածը, որը նշում է, որ ընտրությունների հետ կապված վեճերով ՍԴ-ն պետք է որոշում կայացնի մուտքագրումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։ Հոդվածի հաջորդ կեսը, սակայն, դատարանին հնարավորություն է տալիս ծանրաբեռնվածության դեպքում, ՍԴ որոշմամբ, քննության ժամկետը երկարաձգել մինչև 50 օր»։
 
Այսուհանդերձ, դիտորդական առաքելությունը ՍԴ-ին առաջարկում է մարտի 5-ին նշանակված քննությունը տեղափոխել օրենքով սահմանված ժամկետներ՝ նաև հաշվի առնելով դիմողի սահմանափակումները, լիարժեք օգտագործել «գործի հանգամանքները ի պաշտոնե պարզելու» իր իրավունքը։


ՍԴ-ում Նիկոլ Փաշինյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն ասում է, որ Հայաստանում ընտրական համակարգը լուրջ խնդիրներ ունի և կարևոր է, որ ՍԴ-ն գիտակցի հարցի լրջությունը և ոչ թե շրջանցի։
 
«Սա առաջնային կարևորության խնդիր է, ինչը ՍԴ-ն պիտի գիտակցի։ Այս հայցը առիթ է, որպեսզի լուծվեն այդ խնդիրները, իսկ ՍԴ-ի  որոշումը նորից ճգնաժամի կարող է հանգեցնել։ Այս հայցը ՍԴ-ին հնարավորություն է տալիս արդարացնելու ինքն իրեն, ասում է Վահե Գրիգորյանը,- եթե ՍԴ-ն արագ քննության առներ Նիկոլ Փաշինյանի գործը, Վերաքննիչ դատարանին այլ գործ չէր մնա անելու, քան արդարացումը»։
 
Փաստաբանն ասում է, թե քիչ են այն քաղաքացիները, որ մինչև օրս սխալվել են ՍԴ վճիռները կանխատեսելիս։
 
«Եվ եթե ինչ-որ մեկը կասի, որ ՍԴ իրավասությունների շրջանակն այսքան է, թող մատնանշի ընտրական իրավուքի խախտման քննության որևէ գործ։ ՍԴ-ն միշտ խուսափել է դրանցից։ Այսինքն՝ ՍԴ-ն այսօր շարքային դատարանի կարգավիճակ ունի»։
 
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


 

 

Բաժնի նյութերը