|
Policy Forum Armenia (PFA) միջազգային կազմակերպությունը հայտարարում է «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ տարեկան համաժողովի մասին, որը տեղի կունենա ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում, 2010 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը: Համաժողովի օրակարգում համակողմանի քննարկումներ են՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հեռանկարների, հայության առջև ծառացած ներկա մարտահրավերների, ռազմավարական նոր մոտեցումների հետ կապված արդիական խնդիրների շուրջ: PFA-ը «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ համաժողովին մասնակցելու է հրավիրել մտավորականների, գիտական, քաղաքական եւ հանրային գործիչների բավականին ներկայացուցչական հատված՝ քննարկելու Հայաստանի և Սփյուռքի միջև նոր առանցքային հարաբերությունների և ժամանակի թելադրանքով պարտադրված մարտահրավերներին իրատեսորեն արձագանքելու հնարավորությունները: Հիշեցնենք, որ PFA-ը մասնակցիների աննախադեպ ներկայացուցչականություն էր ապահովել համաշխարհային տնտեսական ճգնաժամին նվիրված իր 1-ին Բարձր մակարդակի համաժողովում, որը տեղի ունեցավ 2009թ. մայիսի 25-ին, Երեւանում: Նրա հրավերով համաժողովին մասնակցում էին համաշխարհային ճանաչում ունեցող արտասահմանցի տնտեսագետներ, բարձրաստիճան հեղինակավոր մասնակիցներ Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչպես նաև տնտեսագիտական ոլորտի առաջատար գործիչներ Հայաստանից, այդ թվում՝ ՀՀ հինգ նախկին վարչապետեր: Համաժողովի առաջին օրը՝ փետրվարի 28 ին, Վաշինգթոնի բարձրակարգ ընդունելությունների Cosmos ակումբում PFA-ը կներկայացնի իր ՝«Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Անկախությունից 20 տարի անց» զեկույցը: Երկրորդ օրը՝ մարտի 1-ին, Համաժողովը կշարունակվի Ջորջթաուն համալսարանում: Այդ օրը համաժողովում հատուկ ուղերձով հանդես կգա ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Երրորդ օրը՝ մարտի 2-ին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների շուրջ երկխոսությունը կշարունակվի երիտասարդ մասնագետների շրջանակում: Նրանց համար Վաշինգտոնում բարենպաստ մասնագիտական դաշտ ապահովելու նպատակով նախատեսված են թեմատիկ ուսուցողական հանդիպումներ՝ տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների և ընկերությունների հետ: Համաժողովի օրակարգը կհրապարակվի մոտ օրերս: Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մարտի 1-ի և 2-ի աշխատանքներին մասնակցելու համար խնդրում ենք գրել forum@pf-armenia.org հասցեով: Լուսաբանման նպատակով լրատվամիջոցները կարող են հայտ ներկայացնել exrelations@pf-armenia.org հասցեով:
|