|
2009 թվականի հոկտեմբերի 24-ին Կենտրոնական Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ԳԿԽ) (Zentralrat der Armenier in Deutschland, ZAD) գումարեց իր արտահերթ համագումարը: 1969 թ. կազմակերպության ստեղծման օրվանից առ այսօր անկոտրում պայքարող, նրա ամենաերկարամյա ու վաստակաշատ գործիչ դր. Շավարշ Հովասափյանը անձնական պատճառներով ընտրված ժամկետից մեկ տարի շուտ հանձնեց նախագահի իր պարտականությունները: Նախագահի հետ իրենց լիազորությունները վայր դրեցին նաև վարչական մյուս անդամները: Համագումարը կատարեց մոտ 60 հազար հաշվվող Գերմանահայ համայնքի ղեկավար մարմնի նոր վարչության ընտրություն: Պատգամավորները գաղտնի քվեարկությամբ ընտրեցին հինգ հոգուց բաղկացած նոր վարչական մարմին հետևյալ կազմով` Դր. Համազ Ղազարեան, փոխնախագահ, ք. Քյոլն (բժիշկ) Դր. Փիեռ Պլութեան, քարտուղար, ք. Վիթթեն (բժիշկ) Սերժ Տէր Յակոբեան, գանձապահ, ք. Դուիսբուրգ (ծրագրավորող) Դր. Ասպետ Այնթապեան, երիտասարդական հարցերի պատասխանատու, ք. Բադ Ռոթհենֆելդե (բժիշկ): Գկխ-ի վարության նախագահ ընտրվեց Ազատ Օրդուխանյանը, ք. Բոխում (պատմաբան): ԳԿԽ-ին անդամակցում են գերմանահայ 12 համայնքային միություններ ու կազմակերպություններ, ինչպես նաև հարյուրավոր անհատներ: Կենտրոնական խորհուրդն ամեն տարի գումարում է իր համագումարը, երեք տարին մեկ ընտրում նոր վարչություն: Անդամ համայնքային միությունները գործում են Գերմանիայի համարյա բոլոր մեծ քաղաքներում` Բեռլինում, Համբուրգում, Քյոլնում, Մայնի Ֆրանկֆուրտում, Շտուտգարտում, Մյունխենում, Մանհայմում: Համագերմանական անդամակցության ու գործունեության սկզբունքով բնորոշվող միություններից վերջին հինգ ամսում ԳԿԽ-ին անդամակցեցին Հայ ակադեմիականների միություն-1860 գիտամշակութային կազմակերպությունն (վարչության նստավայր Բոխում) ու Երրորդ հազարամյակն առանց պատերազմների (վարչության նստավայր Բեռլին) միությունը: Նույն սկզբունքով են գործում նաև Գերմանահայ համայնքում, Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում լուրջ ներդրումներ կատարած ԳԿԽ-ին անդամակցող Գերմանիայի Հայ բժիշկների ու բուժաշխատողների միությունն ու Հայ գործարարների միությունը (վարչության նստավայր Քյոլն): ԳԿԽ-ն ունի նաև իր Երիտասարդ հայեր ենթակառույցը, որը խորհրդի վարչության հետ արդեն 23 տարի շարունակ, տարեկան երկու անգամ Գերմանիայի տարբեր քաղաքներում կազմակերպում է երիտասարդական ուսումնամշակութային ու ազատ ժամանցի եռօրյակներ: ԳԿԽ-ն 2002-ին հիմնեց իր համայնքային հիմնադրամը, որը որպես առանձին կառույց դեռ մեծանալու գործընթացի մեջ է: ԳԿԽ-ի գործունեության գլխավոր բնագավառներն են` - Միութենական-համայնքային կազմակերպչական աշխատանքներ - Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ու Հայ դատի հետապնդման աշխատանքներ - Երիտասարդական աշխատանքներ - Սպորտային աշխատանքներ - Աշխատանքներ գերմանահայ դպրոցականների համար - Մշակութային գործունեություն - Քաղաքական աշխատանքներ, ընդ որում առանձնանում են արտաքին քաղաքական աշխատանքներ և ներքին քաղաքական գործունեություն - Բարեգործական աշխատանքներ - Հայ-գերմանական հարաբերությունների և բարեկամության ընդլայնման ու ամրապնդման աշխատանքներ - Աշխատանքներ Հայաստանի Հանրապետության հետ - Համազգային ծրագրերին ու խնդիրների լուծմանը նպաստող աշխատանքներ և այլն: 2009-ի հոկտեմբերին երեք տարով ընտրված ԳԿԽ-ի նոր վարչությունը վերոհիշյալ ավանդական աշխատանքներին զուգահեռ նպատակ ունի մայրաքաղաք Բեռլինում հաստատել իր քաղաքական գրասենյակը ապա նախաձեռնել ու երեք տարում հիմնել հայկական գրադարան ու արխիվային կենտրոն, որը պիտի ամփոփի ոչ միայն գերմանահայ օրեցօր մեծացող համայնքի վավերական հիշողությունը, կենտրոնացնի ողջ համայնքային արխիվներն ու մեկտեղի ընթացիկ համայնքային գրագրությունը, այլ գրադարանային, ձայնադարանի ու ֆիլմադարանի բաժինների հետ աստիճանաբար վերաճի հայկական գիտահետազոտական կենտրոնի: Այս ուղղությամբ ԳԿԽ-ի նոր վարչությունն արդեն ավարտել է իր տեսական-ծրագրային նախապատրաստական աշխատանքները և 2010-ի գարնանը կանցնի ծրագրի իրականացման գործնական քայլերին: Ազատ Օրդուխանյան Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ ք. Բոխում, Գերմանիա, 7 հունվար 2010թ. www.zentralrat.org
|