|
Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով ՀՀ ութ պետական մանկատներում այս օրերին իրականացնում է Ամանորյա ժպիտներ մանկատներում ծրագիրը: Ծրագիրն իրագործվում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի և World Vision միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում ցուցադրվում են տիկնիկային բեմադրություններ Սուրբ Գրքի առակների սյուժեներով և ամանորյա ներկայացումներ: Ապա ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը մանուկներին փոխանցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: Տոնական հանդիսությունից և ամանորյա բարեմաղթանքներից հետո մանուկներին բաշխվում են նաև Ս. Ծննդյան նվերներ:
|