Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ԱՄԵՆՕՐՅԱ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՄԱՆՈՐՅԱ ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 
Անձամբ` “մարտի 1-ի էջը փակող” Աբրահամյան Հովիկին, Հարությունյան Դավիթին, Նաղդալյան Հերմինեին, Շարմազանով Էդուարդին, Նիկոյան Սամվելին, “մարտի 1-ի” ժամանակավոր հանձնաժողովի բոլոր այն անդամներին, ովքեր ստորագրել են զեկույցը, կոալիցիայի այն ներկայացուցիչներին ու կամակատարներին, ովքեր համարում են, թե մեր որդիների սպանությունների “էջը շրջված է…”:
 
Մենք` “մարտի 1-ի” զոհերի հարազատներս, վերոնշյալ անձանցից և նրանց սպասարկուներից քանիցս լսեցինք, թե “մարտի 1-ի էջը փակված է”… Քաջ հասկանում ենք - դա ձեր, և առհասարակ` իշխանակիրների փափագն է: Ուզում եք Նոր տարվա օրերին “միախառնելով”` հասարակությանը “մատուցեք”, թe “հարցը լուծված է”: Հավանաբար, փորձում եք շուտ ազատվել այդ “գլխացավանքից”` գալիք ընտրություններին անմեղի կարգավիճակով մասնակցելու համար: Չեք հաջողվի, չենք հանդուրժի, ու վստահ ենք` գեթ այդ խնդրում հասարակությունը միակամ է ու զորավիգ է մեր` սպանվածների իրավահաջորդներիս ԴԱՏԻՆ…
 
Իսկ մենք համոզված ենք, որ “մարտի 1-ն” ԱՆՑՈՂԻԿ ՉԷ, որ 21-րդ դարում, քաղաքակիրթ համարվող Եվրոպայի աչքի առաջ, նրա ընտանիքի մասը համարվող Հայաստանում մեզ` ծնողներիս, ու հայ ժողովրդին պատուհասած այդ ոճրագործության ամբողջական բացահայտումը և բոլոր մեղավորներին խստագույն պատժի ենթարկումը ԵՐԻՑՍ  ԱՐԴԱՐ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ: Եվ հավատում ենք, որ մեր համոզմունքն ու պահանջը աջակից արձագանք է գտնում անվախ ու արժանապատիվ բոլոր հայ մարդկանց սրտերում:
 
Ի գիտություն ձեզ.
 
Չբացահայտված յուրաքանչյուր հանցագործություն ծնում է մի քանի ոճիր, չպատժված յուրաքանչյուր հանցագործ հայրանում է մի քանի ոճրագործի:  Հիշե°ք այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր դեռ 1990-ականների սկզբից, նպաստելով ընտրությունների կեղծմանը, մարդկանց իրավունքների բռնացմանը, անկախ դատարան հասկացության հուղարկավորմանը` հետագայում հենց իրենք ուղղակի կամ անուղղակի զոհերը դարձան իրենց իսկ ստեղծած անմարդկային, հանցածին համակարգին… Լավ հիշեք:
 
Ասում եք` ՙՄարտի 1-ի էջը փակված է՚, ՙԱմեն մարդ իր արարքների համար է պատասխանատու՚, ՙԻ տխրություն զոհերի հարազատների և ընդդիմադիրների` մարտի 1-ի էջը փակված է՚… Որքան հեշտ եք արտասանում այդ խոսքերը, ինչքան հանգիստ ու անխռով: Նաև այդպես եք ցույց տալիս, որ ծնողներիս ՑԱՎՆ ՈՒ ՎԻՇՏԸ ձերը չեն, օտար են, ՙբեռ՚ են ձեզ համար… ՙԶեկույցներ՚ եք պատրաստում, Եվրոպայում ինչ-որ իրավական հիմնավորումներ ներկայացնում… Ձեր այդ վերաբերմունքին մեկ ու ճշմարիտ գնահատական կա` փորձում եք կոծկել հանցագործությունը, պարտակել` մեղավորներին, նշանառու ոստիկաններին, իշխանության հավատարիմ մարդասպաններին: Դրանով եք ՄԵՂՍԱԿԻՑԸ դառնում ոճրագործության, դրանով և` ձեր վախով, անտարբերությամբ, անսրտությամբ…
 
Հրամայել էր` 20 օր արտակարգ դրություն. որ` ի՞նչ, քրիստոնյա զավակներիս արյո՞ւնը մարսեին… Այցելեց միայն մեկ զոհի հարազատներին` ցավակցության. իսկ մե՞ր որդիները - զոհե՞ր չէին, մեր լացն ու ողբը  ծնողակա՞ն չէր:
 
Պետությունը դարձրել եք գանձարան` դանայան տակառի պես ձեր անկուշտ ընչաքաղցության համար, երկիրը` մահկանացուներիս կյանքի կազինո ու խորովածանոց, ժողովրդին համարում եք լոկ ձեր ստնտուն, իրավապահ համակարգն էլ օգտագործում եք որպես վահան ու մահակ…
 
Շատ խոսք ունենք ասելու` ծնողի, մարդու, հայի, քաղաքացու… Ու դեռ` կասենք: Բայց հիմա – Նոր տարի է, մեզ համար` հին – 2008…: Ձեր ապագա արու թոռնիկներին` բարի ծնունդ, բարի ծառայություն Հայոց բանակում, և թող նրանք ապրեն իրավական-քաղաքացիական Հայաստանում, որպեսզի այդ երիտասարդ զինծառայողների վերադասները նրանց ապօրինաբար չտեղափոխեն մայրաքաղաքի փողոցներ` ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ սուրբ երդումը ՙի կատար ածելու՚ հայրենակիցների դեմ: Ամանորին` մեր պետությանը մաղթում ենք – օրենք, իրավունք, արդարություն:
 
Մարտի 1-ի որդեկորույս ծնողներ`
 
Զոհված զինվոր Տիգրան Աբգարյանի մայր` Ռուզաննա Հարությունյան
Զոհված Տիգրան Խաչատրյանի մայր`  Ալլա Հովհաննիսյան
Զոհված Գոռ Քլոյանի հայր`  Սարգիս Քլոյան
Զոհված Արմեն Ֆարմանյանի հայր`  Վաչագան Ֆարմանյան
Զոհված Դավիթ Պետրոսյանի մայր`  Ջեմմա Վարդումյան
Զոհված Հովհաննես Հովհաննեսյանի այրի`  Լիլիա Մինասյան
Զոհված  Սամվել Հարությունյանի հայր`  Ռուբեն Հարությունյան


 

 

Բաժնի նյութերը