|
“Բավականին բարդ է Հայաստանում որոշել նախկին եւ ներկա իշխանություններ”, դեկտեմբերի 28-ին Երեւանում Սիվիլիթաս հիմնադրամի տարեկան զեկույցի հրապարակման առիթով ծավալված քննարկման ընթացքում հայտարարել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Քննարկման թեման հիմնականում վերաբերել է հայ-թուրքական հարաբերության գործընթացին: “Ըստ էության բոլոր իշխանությունները իրար հետ են եղել: Ժամանակին մի մասը առանձնացել է, հետո մի մասը: Ի վերջո, այսօրվա նախագահն ամենանախկին իշխանությունների ժամանակ էլ է ունեցել բարձր պաշտոններ, նախկին իշխանության ժամանակ եւ այսօր: Խոսքը ինչ վերաբերում է լեգիտիմ իշխանության մասին, շատ կներեք, ցավալիորեն ես ասեմ, Հայաստանում 1995-96 թվականներից լեգիտիմության խնդիր կա: Եկեք լեգիտիմության խնդիրը մի կողմ դնենք, եւ մի կողմ դնենք հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը: Իմ կարծիքով, Հայաստանում, երեք պայմանական ասած իշխանությունների ժամանակ ներքին քաղաքականությունը եղել է նույնը` այն է` ընտրություններ կեղծելով, իշխանությունը վերցնելով, այսպես ասած ավտորիտար տիպի իշխանություն: Արտաքին քաղաքականության տեսակետից, որոշակի տարբերություններ եղել են, եւ այդ առումով առաջին նախագահի եւ երրորդ նախագահի արտաքին քաղաքականությունը բավական նման էր, տարբերություն կար երկրորդ նախագահի արտաքին քաղաքականության մեջ: Եկեք խոսենք միայն արտաքին քաղաքականության տարբերությունների մասին: Եվ ընդհանրապես, հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, ինձ համար միակ անհանգստացնող բանն այստեղ, որն իսկապես հենց սկզբից էր ինձ անհանգստացնում եւ քանի գնաց սկսեց դա դառնալ ավելի երեւացող, դա իսկապես առնչվում է Ղարաբաղի հարցի հետ եւ քանի գնում այդպես է լինում”, ասում է Ավետիք Իշխանյանը: Ըստ նրա, եթե հայ-թուրքական արձանագրությունը փոքր ինչ կապ ունի Ղարաբաղի հարցի հետ, ապա այն ոչ մի դեպքում չպետք է վավերացնել: Ի դեպ, քննարկմանը մասնակից Աշոտ Բլեյանը եւս բարձրացրել է ներկայիս իրավիճակի համար Հայաստանի երեք նախագահների եւ այսպես ասած երեք իշխանությունների պատասխանատվության հարցը: Նա նշել է, թե խնդիրը գուցե այն երեւույթի մեջ է, որ կոչվում է իշխանության հանձնում: Աշոտ Բլեյանը հայտարարել է, թե կամ երեք իշխանությունները կազմում են “սուրբ երրորդություն”, կամ կազմում են “մռայլ երրորդություն”:
|