Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՆՐԱՆՔ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ՍՊԱՌԵԼ

«Դատական նախորդ նիստի ժամանակ, երբ մեղադրողը կարդում էր իր ճառը, ես սկսեցի մտածել, որ վերջին 2 ամիսների ընթացքում մենք այստեղ ոչ թե դատավարություն ենք իրականացրել, այլ զբաղված ենք եղել պետական միջոցների վատնումով եւ ժամավաճառությամբ», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով. «նրանք ժամանակ են սպառել, մինչեւ իրենց մեղադրական ճառը արտասանելու պահը հասնի»։


Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ ճառով, որում, մասնավորապես անդրադարձավ մեղադրողների արտասանած ճառին։  Հանգամանորեն վելուծելով մեղադրողների ճառը՝  նա եզրահանգում արեց, որ մեղադրող կողմը անտեսել է քրեական գործում առկա փաստերը՝ հիմնվելով այնպիսի ապացույցների վրա, որոնք դատարանում չեն հետազոտվել։
 
«Մեղադրող կողմը իր ճառում հարց է հնչեցրել, թե ինչո՞ւ ընդդիմության լիդերները չէին գնում Լեո փողոց, կամ Պարոնյան փողոց։ Այսինքն, ասում էին՝ ուրիշներին ուղարկում էիք, ինչո՞ւ դուք չէիք գնում, նկատեց Փաշինյանը, Եվ քանի որ մեղադրողները այս մասին խոսել են, ես էլ հակընդդեմ հարցը առաջ քաշեմ։ Ինչո՞ւ նույն տրամաբանությամբ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հայկ Հարությունյանը, օլիգարխները անձամբ չէին գալիս մարտի 1-ի իրադարձությունների թատերաբեմ։ Ինչո՞ւ էին 19 տարեկան պատանիներին ուղարկում իրենց ծնողների, եղբայրների ու քույրերի դեմ, եւ հետեւներից էլ Զարյաներով պայթեցումներ իրականացնում այդ պատանիների նահանջի ճանապարհը փակելու համար»։



Փաշինյանը իր շուրջ 1 ժամ տեւած ճառը ամփոփեց խոսքերով, թե արդարացման դատավճիռ ակնկալում է ժողովրդից։
 
Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը անցած շաբաթ օրը պաշտպանական ճառով հանդես գալուց առաջ հայտարարեցին, որ իրենց խոսքում չեն անդրադառնալու մեղադրական ճառին։
 
«Մեղադրական ճառը, ըստ էության, չէր վերաբերում քրեական գործին, ուստի գտնում ենք, որ չարժե նույնիսկ պատասխանել դրան», հայտարարեց Լուսինե Սահակյանը։
 
Փաստաբանների պաշտպանական ճառը տևեց շուրջ 3 ժամ։ Առանձին առանձին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին առաջադրված երկու մեղադրանքներին, նրանք վերլուծեցին ու հիմնավորեցին, որ  Ք.Օ 225 եւ 316 -րդ հոդվածների առաջին մասերով առաջադրված մեղադրանքները ակնհայտ ապօրինի են, իսկ ոստիկանության միջամտությունը, խաղաղ հանրահավաքը հարկադրաբար դադարեցնելը՝ անօրինական։ Այդ օրերին տեղի ունեցող հանրահավաքներն ու բողոքի ակցիաները հանրային բաց բանավեճ էր՝ ուղղված կեղծված ընտրությունների դեմ, և ժողովրդավարական արժեքների վերականգնման պահանջ։ Ժողովրդի գործողությունները, ըստ փաստաբանների, զանգվածային անկարգություններ անվանել հնարավոր չէ, քանի որ նման գործողությունները պետք է կատարվեին ուղղակի դիտավորությամբ, ինչն այս դեպքում բացառվում է։
 
Եթե անգամ զանգվածային անկարգություններ եղել են, ապա քրեական գործով  չի հիմնավորվել, թե Փաշինյանն ինչպիսի գործողություններ է իրականացրել` այդ անկարգությունները կազմակերպելու համար: Չի հիմնավորվել նաեւ, որ գործել է կազմակերպված խումբ: Որպես սրա հիմնավորում փաստաբանները վկայակոչեցին «7»-ի գործով դատապարտված անձանց դատավճիռները, որոնք կայացվել են առանձին-առանձին։: Ավելին, Նիկոլ Փաշինյանի եւ «7»-ի գործով անցնող անձանց խոսակցություններից պարզ է դարձել, որ նա նախապես չի իմացել, թե ժողովուրդը որտեղ պետք է հավաքվեր եւ ըստ այդմ` զանգվածային անկարգություններ չէր կարող կազմակերպել:
 
Ավարտելով պաշտպանական ճառը, փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանից պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին` գոնե հանուն 10 զոհերի. «Կարծում եմ, որ նրանք պետք է որ իզուր զոհված չլինեին: Գոնե դուք պարտավոր եք արդար դատավճիռ կայացնել և ապացուցել, որ այս 10 զոհերը, ինչպես նաև բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը տվել են այս երկրի համար, իզուր չեն զոհվել: Ես ձեզանից ակնկալում եմ արդարացման դատավճիռ»:
 
Հավելենք նաև, որ դատարանի դահլիճը լեփ լեցուն էր: Նիկոլ Փաշինյանի դատավարությանը ներկա էր նաև Հմայակ Հովհաննիսյանը, ով նախօրեին հանել էր պատգամավորի իր թեկնածությունը հանուն «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի:
 
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


 

 

Բաժնի նյութերը