|
Մարտի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին աշխարհում խաղաղության ամրապնդման գործում եւ մասնավորապես ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ-ի կողմից ներդրված ջանքերի համար: 'Լիահույս ենք, որ 21-րդ դարը արդարություն կբերի նաեւ տասնամյակներ եւ հարյուրամյակներ շարունակ մեր ժողովրդին հուզող հարցերին',- ասաց Վեհափառ Հայրապետը: Պատասխան խոսքում պարոն Ժոաո Սոարեշը անդրադարձավ ԵԱՀԿ-ի ներկայիս գործունեությանը: Նա իր հարգանքն արտահայտեց Հայ Եկեղեցու նկատմամբ` նշելով եկեղեցու դերակատարությունը տարածաշրջանում: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:
|