Lragir.am - Armenian Online

 Կիրակի, 14 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՍԵՐԺ ՍՄԵՍՈՎ. ՀՐԱԺԱՐՈՒՄ ՉԿԱ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը Report.am-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Հարավային Կովկասի նկատմամբ ողջ աշխարհի եւ մասնավորապես Ֆրանսիայի աճող հետաքրքրությունը, եւ ինչ տեղ է գրավում Հայաստանն այդ հետաքրքրությունների մեջ, ասել է. “Կովկասյան տարածաշրջանը դարձել է ընդլայնված Եվրամիության հարեւանը եւ այսուհետ օգտվում է հարեւանության եւ արեւելյան գործակցության քաղաքականությունից: Տարածաշրջանի կայունությունը գերակա մտահոգություն է Եվրամիության եւ Ֆրանսիայի համար: Բացի այս, ակնհայտ է, որ տարածաշրջանը կարեւոր դերակատարություն ունի Եվրոպայի էներգակիրների մատակարարման առումով, մասնավորապես կասպյան էներգառեսուրսների տարանցման տեսանկյունից”:
 
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերության կարգավորման ներկա փուլին, դեսպանն ասել է, թե “ամեն ինչ պետք է արվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացը միչեւ վերջ հասցնելու համար: Խոսքը երկու երկրների միջեւ պատմական տարաձայնությունները հաղթահարելու եզակի հնարավորության մասին է: Ցավալի կլիներ, եթե ամեն ինչ չարվեր դրանից օգտվելու համար”:
 
Հարցին, թե Հայ-թուրքական արձանագրություններին ոչ ասող քաղաքական ուժերը պնդում են, որ դրանցով մեծ հարված է հասցվում եւ անգամ կասեցվում է ամբողջ աշխարհում ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, դեսպան Սմեսովն ասել է, թե իր կարծիքով, երկու հարցերը ինքնին կապված չեն, եւ արձանագրությունների ստորագրումը չի ենթադրում հրաժարում ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու հայ ազգի օրինական պահանջատիրությունից: “Այլ կերպ ասած, եթե հայկական իշխանությունները հրաժարվել են այն նախապայման  դարձնելուց` մի բան որն անհնարին կդարձներ արձանագրությունների բանակցումը, դա չի նշանակում, թե ցեղասպանության ճանաչման հայ ժողովրդի ձգտումն անտեսվել է”, ասել է դեսպանը:
 
Խոսելով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, մասնավորապես ընտրական գործընթացների եւ ԶԼՄ-ների վիճակի մասին, Սերժ Սմեսովն ասել է, թե “Գրանացված առաջընթացներին հակառակ, որոշ պրակտիկաներ լիովին չեն վերացել: Կարելի է միայն հուսալ, որ կառավարության վարած բարեփոխումների եւ Եվրամիության հետ սերտանալուն միտված քաղաքականության շրջանակներում, Հայաստանը  հաջողությամբ կիրականացնի ժողովրդավարական բարեփոխումները”:


 

 

Բաժնի նյութերը