Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 15 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ԻՆՔՆԱԹԻՌԻՑ ՈՒՂԵՐՁ ԳՅՈՒԼԻՆ

Լոնդոն մեկնելու ճանապարհին Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ուղերձում ասված է.
 
“Ուղեւորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ եւ հարեւան Թուրքիայի ժողովրդին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, եւ դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները:
 
Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ եւ թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին:
 
Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության եւ սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն եւ թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար:  Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն:
 
Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի  մակարդակի, որտեղից շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջեւ բնականոն հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան:
 
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը”:


 

 

Բաժնի նյութերը