Lragir.am - Armenian Online

 Կիրակի, 14 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ռուսաստանում օրերս հաստատվեց ռազմական նոր դոկտրինը, որը ՌԴ զինուժին թույլ է տալիս ներխուժել այլ երկրների տարածք, ինչպես նաեւ հասցնել կանխարգելիչ միջուկային հարված: Ռուսաստանն առայժմ որպես թիվ մեկ թշնամի համարում է ՆԱՏՕ-ն եւ գտնում, որ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի գործունեությունը սահմանակից երկրներում սպառնում է սեփական անվտանգությանը:
 
Իսկ երեկ Մյունխենում, ելույթ ունենալով անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան հանդես է գալիս նոր, իրավաբանորեն պարտադիր անվտանգության պայմանագրի ստեղծման օգտին: Նա քննադատել է ԵԱՀԿ-ին ու նշել, որ վերջին 20 տարիներին եվրոպական անվտանգությունը սասանվել է մի շարք կողմերով: Ստեղծված իրավիճակը նախարարը բնութագրել է որպես “ԵԱՀԿ ատրոֆիա”:
 
Գլխավոր պահանջն այն է, որ կազմակերպությունը ի վիճակի չէ իրացնել անվտանգության անբաժանելոիության սկզբունքը, ըստ որի ԵԱՀԿ մի անդամ երկրի անվտանգությունը չի կարող իրականացվել մեկ այլ անդամ երկրի անվտանգության հաշվին: Որպես օրինակ այն բանի, որ կազմակերպությունը չի գործում, Լավրովը բերել է Հարավսլավիայի ռմբակոծությունը եւ Կովկասի իրադարձությունները 2008 թ. օգոստոսին:
 
Հետաքրքիր է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դրանից մի քանի օր առաջ, Հայաստանի նոր դեսպանի հետ հանդիպմանը նշել է, որ անհրաժեշտ է կոնֆրոնտացիոն քաղաքականությունից, արխաիկ աշխարհքաղաքական դասավորությունից անցնել նոր մոտեցումների ձեւավորմանը, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ահաբեկության, սննդամթերքի դեֆիցիտի, կլիմայի փոփոխության դեմ: Իսկ ավելի վաղ Մեդվեդեւի հովանու ներքո գործող ինստիտուտը հրապարակել էր Ռուսաստանի մոդեռնացման ծրագիրը, որ ենթադրում է արմատական փոփոխություններ: Այդ ծրագիրն առայժմ չի հաստատվել, եւ այնպիսի զգացողություն է, որ Ռուսաստանն ասում է` մենք գիտենք, թե ինչ եւ ինչպես պետք է անել, սակայն չենք անի, Արեւմուտքին “ինադու”:
 
Խոսքի եւ գործի նման տարբերության արձագանքը եղավ Արեւմուտքի որոշումը Ռումինիայում եւ Պարսից ծոցի ավազանում հակահրթիռային համակարգ տեղադրելու մասին: ՆԱՏՕ-ն արդեն հոգնել է հայտարարել, թե Ռուսաստանին չի ընդունում որպես հակառակորդ, սակայն Մոսկվային, ըստ ամենայնի, ձեռնտու է որպես պոտենցիալ թշնամի ունենալ ՆԱՏՕ-ին, այլ ոչ ահաբեկությունը:


 

 

Բաժնի նյութերը