|
Թուրքիան իր վարքագծով հաստատում է մեր ճշմարտացիությունը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների եւ դրանց դեմ պայքարի մասին` հայտարարել է ՀՅԴ գործիչ Արծվիկ Մինասյանը: “Առ այն, որ իսկապես, Թուրքիայի նպատակը այս արձանագրություններով ամենեւին Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելը չէ: Նա ընդամենը հետապնդում է իր քաղաքական նպատակները, որն այս դեպքում համահունչ չէ հայ ժողովրդի եւ Հայաստանի ազգային շահերին: Եվ սա չտեսնել, չգիտակցել, ու անընդհատ փորձել նորից ջայլամի քաղաքականություն վարել, թե իբր չկա նախապայման եւ առանց որեւէ խնդրի պետք է վավերացնել, սա խոսում է այն մասին, որ մարդիկ իսկապես չեն տիրապետում ոչ միջազգային իրադրությանը, եւ ոչ էլ Հայաստանի արդեն իսկ կրած վնասները ճիշտ հասկանալուն, գնահատելուն”, ասում է Արծվիկ Մինասյանը: Նա հայտարարել է, որ դատապարտելի են “ոչ”-ի շարժումը պառակտելու փորձերը: “Եվ այդ տեսանկյունից, ես ուզում եմ նաեւ դատապարտելի համարել բոլոր այն քաղաքական ուժերի եւ անձանց վարքագիծը, ովքեր փորձում են պառակտում մտցնել ոչ-ի շարժման մեջ: Փոխանակ աջակցեն այդ շարժմանը, փոխանակ համախմբվեն այդ շարժման շուրջ, մարդիկ փորձում են ամենատարբեր կերպով հարվածներ հասցնել այդ շարժմանը, նպատակ ունենալով, չգիտեմ, նեղ, կամ քաղաքական, կամ անձնական շահեր հետապնդելու: Առանց հաշվի առնելու, որ դրա արդյունքում տուժում է մեր ազգային, համահայկական շահը”, ասում է արծվիկ Մինասյանը: Այդ թվում նա նկատի ունի “Ժառանգություն-ՀՅԴ հարաբերության մեջ պառակտում սերմանելու փորձը”: “Սրանք, մենք պետք է բոլորս գիտակցենք, որ որքան էլ տվյալ ժամկետում, կարճաժամկետ նպատակ հետապնդենք, երկարաժամկետ առումով պարզապես թուլացնում են մեր ազգային դիմադրողականությունը, ինչն այսօր շատ ավելի անհրաժեշտ է, քան թե նեղ կուսակցական ինչ որ շահեր հետապնդելը”, ասում է Արծվիկ Մինասյանը: Ի պատասխան լրագրողների հարցադրման, թե արդյոք օրինակ ով է Ստեփան Սաֆարյանին մղում այդօրինակ հայտարարություններ անելու, Արծվիկ Մինասյանը ասել է, թե որոշել է այլեւս երբեք չմեկնաբանել որեւէ մի գործընկերոջ հայտարարություն, քանի դեռ անձամբ չի ծանոթացել դրան: Մինասյանը հայտարարել է, որ իրենց պահանջն այն է, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանը կամ պետք է վավերացնի վերապահումով, հղում անելով ՍԴ որոշմանը, կամ չվավերացնի ընդհանրապես:
|