|
Խոսելով հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների վավերացման հնարավոր ժակետի մասին, իրենց քաղաքական գործիչ համարող որոշ պաշտոնյաներ խրոխտ ձայնով հայտարարում են, որ հայ-թուրքական, ըստ իրենց, կարգավորումը պետք է տեղի ունենալ “ողջամիտ ժամանակահատվածում”: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջանում պարզելու` արդյոք միջազգային իրավունքի մեջ առկա է “ողջամիտ ժամանակահատված” հասկացության հստակեցված տևողություն: “Ողջամիտ ժամանակահատված” եզրույթն ունի, թեև ոչ հաճախադեպ, սակայն որոշակի կիրառություն միջազգային հանրային իրավունքի մեջ: Օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (European Convention on Human Rights) 5-րդ և 6-րդ հոդվածներն երաշխավորում են կալանքի կամ ձերբակալության մեջ գտնվող անձի դատավարությունը “ողջամիտ ժամանակահատվածում”: (Everyone arrested or detained … shall be entitled to trial within a reasonable time or release pending trial. Articles 5(3). Everyone is entitled to a fair and public hearing within a reasonable time. Article 6(1).): Ակնհայտ է, որ նման ձևակերպումն ունի բավարար ճկունություն և հնարավորություն է տալիս վերոհիշյալ բազմակողմ փաստաթուղթը դրձնել առավել ներառական և այն կիրառելի դարձնել դատական տարբեր համակարգերի համար: Այսուհանդերձ, ՚ողջամիտ ժամանակահատվածՙ բառակապակցության գործածումը երկկողմ փաստաթղթերում, որտեղ ամրագրվում են միայն փախադարձ պարտավորություններ, տրամաբանական և բնավ ցանկալի չէ: Առավել ևս, հաշվի առնելով թուրքերի սեփական պարտավորություններն ուրանալու և խոսքը դրժելու դարավոր ավանդույթը, նման բան ընդհանրապես անընդունելի է նրանց հետ հարաբերություններում: Բելգիացի ժամանակակից մեծագույն իրավագետ Օլիվիյեր Քորտենը (Olivier Corten) ողջամիտ եզրույթի հիմնական բնութագրիչն իրավացիորեն համարում է նրա “վերացական երկիմաստությունը” (profound ambiguity): Այսինքն, միջազգային հարաբերություններում նման ժամկետորոշիչի գործածումը որևէ հստակեցում չի մտցնում երկկողմ փաստաթղթի կիրարկման հարցում: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (UN International Court of Justice) Մայրցամաքային ափեզերքի (Թունիսն ընդդեմ Լիբիայի) դատական գործի մեջ մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ տվել է հետևյալ մեկնաբանությունը. “որևէ դատական գործում որոշելը` ինչն է ողջամիտը և անաչառը, պետք է կախված լինի տվյալ գործի հանգամանքներից” (what is reasonable and equitable in any given case must be depend on its circumstances): Այսինքն, ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը միանշանակորեն ամրագրել է, որ “ողջամիտ” հասկացությունը խիստ հարաբերական է և միջազգային հանրային իրավունքի մեջ այն չի կարող ունենալ համընդգրկուն և միանշանակ մեկնաբանություն: Այսինքն, եթե հայկական կողմի համար “ողջամիտ” ժամանակահատվածը տրմաբանորեն, օրինակ, կարող է լինել երեք ամիսը, ապա նույնքան տրամաբանորեն “ողջամիտը” թուրքական կողմի համար կարող է լինել երեք տարին: Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 4 հունվարի 2010 թ.
|