|
Ռուսաստանն ու Վրաստանը 3 օրով վերականգնում են ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել էր 2008 թվականի օսական պատերազմից հետո: Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ռուսական կողմը թույլատրել է վրացական Airzena - Georgian Airways ավիաընկերությանը չարտերային չվերթեր իրականացնել դեպի Ռուսաստան հունվարի 8-ին, 9-ին եւ 10-ին: Ընդհանուր առմամբ չվերթերը լինելու են 5` երեքը Մոսկվա, երկուսը Պետերբուրգ: Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցությունը ընդհատվել էր 2006 թվականին, երկու երկրների հարաբերության վատթարացման պատճառով: Որոշ ժամանակ անց վերականգնված ավիահաղորդակցությունը վերստին ընդհատվեց 2008 թվականի օգոստոսի հնգօրյա պատերազմի հետեւանքով: 2006 թվականից չի գործում նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ցամաքային հաղորդակցության Վերին Լարս անցակետը, որը ռուսները երեք տարի առաջ փակեցին նորոգման պատճառաբանությամբ: Դրա հետեւանքով ընդհատվեց նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի ցամաքային հաղորդակցությունը: Բայց այժմ Ռուսաստանն ու Վրաստանը բանակցում են Վերին Լարսի վերաբացման համար եւ նույնիսկ հայտարարվել է հնարավոր ժամկետի մասին` 2010 թվականի մարտ:
|