Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ԽՈՍՔԸ ԵՎ ԳՈՐԾԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ

Սիվիլիթաս հիմնադրամը, որը ղեկավարում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, դեկտեմբերի 28-ին հանրությանն է ներկայացրել իր տարեկան երկրորդ զեկույցը, որը վերնագրված է “Հայաստան 2009. Խոստում եւ իրականություն”: Զեկույցի հրատարակման կապակցությամբ կազմակերպվել էր քննարկում, որի հիմնական բանախոսներն էին Վարդան Օսկանյանը, ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Զեկույցի շնորհանդեսին մասնակցել են նաեւ հրավիրված հասարակական-քաղաքական այլ գործիչներ, երիտասարդներ, լրագրողներ, դիվանագետներ արտերկրից:
 
Բացելով զեկույցում արտացոլված խնդիրների վերաբերյալ քննարկումը, Վարդան Օսկանյանը նշել է, թե իր համար 2009 թվականի առանձնահատկությունը այն էր, որ շատ ակնհայտ էր խոսքի եւ իրականության մեծ տարբերությունը: Վարդան Օսկանյանի խոսքով, բնական է, որ իշխանությունը միշտ էլ փորձում է իրականությունը դրական լույսի ներքո ներկայացնել: Բայց ըստ Սիվիլիթասի հիմնադրի, նախկինում իրականության ու խոսքի տարբերությունն այնքան չէր, որքան անցնող տարում: “Երբ աղավաղում է տեղի ունենում խոսքի եւ գործի միջեւ, փաստի եւ ներկայացվածի, դա բացասական է ազդում եւ ներքաղաքական գործընթացների վրա, եւ նաեւ արտաքին հարաբերությունների վրա: Երկրորդ տենդենցը, որ այս տարի ինձ համար նկատելի էր, այն է, որ կարծես թե Հայաստանը անկախացել է 2008 թվականի փետրվարին կամ ապրիլին: Այսինքն ինստիտուցիոնալ կարծեք թե հիշողություն չկա, անցյալի փորձը չկա”, ասում է Վարդան Օսկանյանը:
 
Նա հիշատակել է վերջին շրջանում իշխանության հրապարակային այն թեզը, թե սխալվելուց չպիտի վախենալ, այլ պետք է վախենալ գործ չանելուց: Վարդան Օսկանյանը կարծում է, որ սա վտանգավոր ներշնչում կարող է լինել հասարակությանը, կարող է հասարակության համար սխալը դարձնել օրինաչափություն: Մինչդեռ, ըստ Վարդան Օսկանյանի, մեր պատմության ընթացքում մենք բավական փորձ ենք ձեռք բերել այսօր չսխալվելու համար, առավել եւս, որ ներկայումս Հայաստանն ունի այնպիսի գործիչների կարիք, որոնք համարձակ կգործեն եւ կգործեն ճիշտ:
“Սա է այսօր մեր խնդիրը: 17-տարվա , 18տարվա անկախ պետություն ենք, մեծ փորձություններից ենք անցել, եկել է պահը իսկապես, որ այդ փորձի վրա հիմնվելով կարողանանք ճիշտ քայլեր անենք, այս երկիրը տանենք ճիշտ ճանապարհով”, ասում է Վարդան Օսկանյանը:
 
Քննարկման մասնակից Լեւոն Բարխուդարյանը անդրադարձել է տնտեսական գործընթացներին եւ նշել, որ ճգնաժամը բացահայտեց Հայաստանի տնտեսության խոցելի կողմերը, իսկ կառավարությունն էլ հակաճգնաժամային քայլերի առումով բավական հաճախ ուշացած էր գործում: Քննարկման մյուս բանախոս Հովհաննես Իգիթյանը քննարկումը նորից տեղափոխել է քաղաքական հարթություն, ասելով, թե արտաքին քաղաքական բարդությունները ներքին վիճակի հետեւանք են: Հովհաննես Իգիթյանը հիշել է մոտ մեկ տարի առաջ նույն առիթով իր ելույթը եւ ասել, որ ցավոք սրտի իրավիճակը երկրում չի փոխվել ոչնչով:
 
“Վերջում իմ ելույթի ես ասացի, որ այս իրավիճակով, այս պայմաններով, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների այս խայտառակ իրավիճակով երկիրը ձախողումներ կունենա արտաքին քաղաքականության հարցերում: Չի կարելի այս ձեւով դուրս գալ միջազգային ասպարեզ, իսկ մենք չենք կարող դուրս չգալ, որովհետեւ առնվազն մեկ խնդիր կա` Լեռնային Ղարաբաղի հետ կապված պրոբլեմ, եւ ստեղծվել է նաեւ, գոնե, պարտադրվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունը: Պատճառը ի վերջո գտնվում է Հայաստանի ներսում: Մի երկիր, որը չունի օրինական ընտրված իշխանություն, չի կարող պատշաճ ձեւով ներկա գտնվել արտաքին աշխարհում”, ասում է Հովհաննես Իգիթյանը:
 
“Մենք ուզում ենք հայ-թուրքական սահմանը բաց տեսնել, տասը տարի իմ աշխատանքը դրան է նվիրվել: Բայց ես ուզում եմ դա բացվի այնպիսի հիմքերով, որ կարող է կայուն հարաբերությունների, երկու երկրների միջեւ, որ շատ բարդ անցյալ են ունեցել, կարողանա կայուն հիմք լինել հետագա հարաբերությունների: Երկարաժամկետ, որ մենք փոխադարձաբար կարողանանք իրար վստահել: Այսօր այս արձանագրությունները շատ ավելի բարդացրել են մեր հարաբերությունները: Հարցերի քննարկման բնույթն է փոխվել: Եթե նախկինում թուրքերը գնում էին ժխտողականության, հիմա պետք չունեն ժխտողականության գնալ, արդեն վկայակոչում են հանձնաժողովը, այսինքն իրենց վրայից թոթափել են այդ մեղքը ժխտողականության, մենք դրա դիմաց ոչինչ չենք ստացել”, ասում է Վարդան Օսկանյանը:
 
Քննարկման մասնակից Արծվիկ Մինասյանը բանախոսներին հարցրել է, թե նրանք կոնկրետ ինչ լուծում են առաջարկում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կանխելու համար, առավել եւս, որ հունվարի 12-ը` երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը կքննարկի արձանագրությունների սահմանադրականությունը, հեռու չէ:
 
“Լուծում եմ առաջարկում: Այսօր վավերացնելով չվավերացնելով պրոցեսը չի կանգնում կամ առաջ չի գնում, եւ չի լուծվում խնդիրը: Խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ աշխարհը վերջապես իմանա, թե Հայաստանի ժողովուրդը ինչ է ուզում, մենք թուրքերից ինչ ենք ուզում, կամ այս պրոցեսից ինչ սպասելիքներ ունենք: Դա Սերժ Սարգսյանը չէ, որ միջազգային աշխարհին ներկայացնի մեր ասելիքը, որովհետեւ ինքը չի ընտրվել, որովհետեւ ինքը ոչ մեկին չի ներկայացնում”, ասում է Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով, եթե մենք ներքին ժողովրդավարության հարցում առաջընթաց ունենանք, այն ժամանակ կարող ենք աշխարհի համար հստակ եւ ազդեցիկ խոսել:
 
“Ես կասկած չունեմ, որ ցանկացած պահից, եթե մենք կարողանանք մեր մտավոր կարողությունը դնել եւ քննարկել այդ հարցը, ելք կգտնենք: Եվ այս բարդ իրավիճակը, մեր դեմ աշխատող իրավիճակը կարող ենք ամբողջությամբ շրջել ի օգուտ մեզ: Նման պահեր եղել է մեր պատմության մեջ անցյալում էլ, նորագույն պատմության մեջ էլ”, ասում է Վարդան Օսկանյանը: Նրա կարծիքով, կան պահային վիճակներ, որոնք կուտակվում են մեր դեմ եւ հարկ է առնել նրանց դեմը: “Պահայինը կուտակվում է: Այսօր ընկալման մեծ մենք խնդիր ունենք: Մենք իզոլացված, պարփակված այս վիճակում մենք չգիտենք մեր շուրջը ինչ է կատարվում, մենք չգիտենք Էրդողանը Օբամայի հետ ինչ է խոսում, մենք չգիտենք թրքական դիվանագիտությունն այսօր ինչ է անում: Կարող ենք ենթադրել եւ հավատացնեմ, որ ին չ որ անում են մեր օգտին չէ: Եվրոպայում այսօր շատ մեծ ընկալման պրոբլեմ կա, արդեն նրանք համարում են, որ տարածքների վերադարձի հարցը լուծված է, փաթեթի մաս է, առանց դրա հայ-թուրքական սահմանը չի բացվի, եւ բոլորը սպասում են, որ այնտեղ ինչ որ քայլեր պետք է արվեն: Երկրորդ ընկալումը այն է, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակներում: Այդ երկու ընկալումները աշխաչհում այսօր մեր դեմ են աշխատում ամեն օր, բայց մենք սրա դեմ ոչ մի բան չենք անում: Այնպես որ, կարճաժամկետ, պահային առումով կոնկրետ այս խնդիրներին պետք է լուծում տանք: Երրորդը այն է, որ Թուրքիայի ձեռքից մենք պետք է կարողանանք նախաձեռնությունը վերցնել”, ասում է Վարդան Օսկանյանը:
 
Քննարկմանը ներգրավված վերլուծաբան Անդրանիկ Թեւանյանը նշել է, թե Հայաստանի քաղաքական դաշտում ներկայումս իրավիճակը փակուղային է, վակուումային, քանի որ Հայ ազգային կոնգրեսը կողմ է հայ-թուրքական գործընթացին, դեմ` Սերժ Սարգսյանին, իսկ Դաշնակցությունն էլ հակառակը` կողմ է Սերժ Սարգսյանին, դեմ` հայ-թուրքական գործընթացին: Անդրանիկ Թեւանյանն ասում է, որ 2010 թվականին պետք է ձեւավորել նոր հասարակական-քաղաքական շարժում, որը խորհրդարանի ընտրության միջոցով կկարողանա փոխել իրավիճակը երկրում, այլապես վերլուծաբանը կարծում է, որ առկա իրավիճակը հնարավորություն է տալիս ներկայիս իշխանական համակարգի տասնամյակների տեւողություն ապահովել:
 
Վարդան Օսկանյանի կարծիքով, Հայաստանում ներկայումս բոլոր անհատները մի կողմ պետք է դնեն իրենց անձնական, կուսակցական, խմբակային շահը եւ պետության շահի գիտակցումով ներգրավվեն առկա խնդիրների լուծման եւ իրավիճակի որակական փոփոխության գործին:


 

 

Բաժնի նյութերը