Lragir.am - Armenian Online

 Կիրակի, 14 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԿՆԱԽԱՂ

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը մկնախաղ է: Հայաստանի կողմից համարժեք քաղաքականության բացակայության խնդիր կա: Զուգահեռաբար ընթացող երկու գործընթացներում` հայ-թուրքական հարաբերություններ և Ղարաբաղի խնդիր, մեր դիրքերը թուլանում են: Երբ նախաձեռնվում էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, Հայաստանը դրա շարունակականության վերաբերյալ որևէ պատկերացում չուներ: Դա պարզապես օդում կրակոցի նման մի քայլ էր, որը հանգեցրեց մի իրավիճակի, որում անցանկալի կերպով ակտիվացավ Ղարաբաղի հարցը: Եթե մինչև հայ-թուրքական գործընթացի սկիզբը երկու երկրների հարաբերությունները սառեցված կամ չեզոք էին, ապա գործընթացի ձախողման դեպքում ձեռք կբերենք լրացուցիչ շատ ակտիվ հակառակորդ և թշնամի: Թուրքիան երբեք իր գործողություններով բարյացակամություն չի դրսևորել Հայաստանի հանդեպ, և ձախողման դեպքում Թուրքիան կակտիվացնի իր հակահայկական գործողությունները տարածաշրջանում, ասել է Արման Մելիքյանը:
 
“Ուզում եմ հիշեցնել, որ 100 տարի առաջ ստվար հայություն էր ապրում Կոստանդնուպոլսից մինչև Բաքու: Այսօր մի փոքրիկ սեպ է մնացել հայաբնակ: Այս իրավիճակը ստեղծվել է քաղաքական մտածողության բացակայության հետևանքով: Հիմա ժամանակն է սթափվելու: Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ իրենք պատասխանատվություն են ստանձնել, իրականում իմ տպավորությամբ պատրաստ չեն այս գործընթացներին: Հայաստանն այնպես տարավ գործընթացը, որը միտված չէր հարաբերությունների կարգավորմանը, այլ հախուռն գրոհի փորձ էր, որի պատճառով մոտ ապագայում անհնար կլինի կարգավորել հարաբերությունները”, ասել է Արման Մելիքյանը:
 
Նրա կարծիքով, այսօր գոյություն ունի դեպքերի զարգացման մի քանի սցենար: Հանարավոր է նաև հայ-թուրքական ուղղակի բանակցություններ: Հայաստանը կարող է հաջողությունների հասնել, եթե փոխի իր աշխարհաքաղաքական ֆունկցիան` թուրքական աշխարհին զսպելու, անջրպետելու դերը: Հայաստանն իր այդ դերը արդեն 1 դար է կատարում է զգալի կորուստների գնով: Եթե ԱՄՆ-ն շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, հնարավոր է ստեղծվի ռուս-թուրքական դաշինք: Դրա հետևանքով էլ կարող ենք կորցնել Արցախը և ազատագրված տարածքները, նշել է Մելիքյանը:
 
Նա մեծ է համարել պատերազմի հավանականությունը Ղարաբաղի հարցում: “Պետք է ցանկացած պահի պատրաստ լինել պատերազմական գործողությունների վերսկսմանը: Ճիշտ է, դրա հավանականությունը ավելին չէ, քան 5 տարի առաջ, բայց 5 տարի առաջ էլ այն բավական բարձր էր”, ասել է Արման Մելիքյանը:


 

 

Բոլոր լուրերը