Lragir.am - Armenian Online

 Կիրակի, 14 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՏՎԵՔ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ՄԵՆՔ ՇՈՒՌ ԿՏԱՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՂՋ ՊԱՏԿԵՐԸ
 
Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ:
 
Տեւական ժամանակ խոսվում էր Հայ Ազգային Կոնգրեսի, Ժասռանգության եւ Դաշնակցության միջեւ հնարավոր համագործակցության մասին, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Մի պահ իրար հետ համագործակցել փորձեցին Ժառանգությունն ու ՀՅԴ-ն, սակայն նրանց համագործակցությունը եւս չստացվեց: Ինչն է պատճառը, որ ընդդիմադիր դաշտում լայն համագործակցությունը չի ստացվում:
 
Կոնգրեսը հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո ռեժիմի գործողություններն անընդունելի համարող բոլոր ուժերին հնարավորություն տվեց ակտիվանալու եւ միանալու ընդհանուր ընդդիմադիր պայքարին: Ընդդիմադիր այլ ուժերին դրսեւորվելու առաջարկը հետապնդում էր հետեւյալ նպատակը. նրանք պետք է ակտիվանալով ցույց տային, որ իրապես ընդդիմադնում են ռեժիմին, այսինքն` քննադատեին նաեւ ռեժիմի արատները: Իսկ նման քննադատությունը կնշանակեր վտանգել ռեժիմին: Կար նաեւ այլ տարբերակը` ընդդիմանում են ընդամենը արձանագրությունների հարցում, պահանջում են ընդամենը ԱԳ նախարարի հրաժարականը եւ ոչ մի քննադատություն` ռեժիմի արատների, ներքաղաքական խնդրի վերաբերյալ չի հնչում: Կոնգրեսի առաջարկը լակմուսի թեստ էր, որը թույլ էր տալիս բացահայտվելու ընդդիմադիր ուժերին, քանի որ մեզ հարկավոր էր հասկանալ` ունե՞նք դաշնակիցներ այս ռեժիմի, բռնապետության դեմ պայքարում, Սերժ Սարգսյանի վարչախմբի հեռացմանն ուղղված պայքարում, նրա հրաժարականի պահանջի պայքարում: Ունե՞նք դաշնակիցներ մամուլի եւ հեռուստաընկերությունների ազատության հաստատման պայքարում, այս արատավոր կոռումպացված, կլանային համակարգի վերափոխմանն ուղղված պայքարում: Սրանք մեզ համար կարեւորագույն հարցեր էին: Մենք անկեղծ առաջարկ ենք արել` միանալու մեր պայքարին. ներկայացրինք 11 կետանոց պլատֆորմը, ընդ որում` մենք չէինք ասում, որ բոլոր կետերը պետք է ընդունվեն եւ ոչ մի այլ կետ հնարավոր չի ավելացնել դրան: Նրանք կարող էին բերել սեփական կետերը եւ հրաժարվել մեր կողմից հետապնդված կետերից: Այդպես մենք կկարողանայինք գոնե իմանալ, թե ընդհանուր պայքարի ինչ ճակատ կարելի է ստեղծել: Սակայն մեր առաջարկը ոչ մի արձագանք չստացավ ոչ դաշնակցության, ոչ էլ այլ ուժերի կողմից: Հիմնական պրոբլեմը ՀՅԴ-ի կեցվածքն էր, որն իր վրա վերցրեց ռեժիմի համար կառավարելի, ռեժիմ գծված սահմաններում գործող, նրա համար ոչ մի վտանգ չստեղծող, ռեժիմի արտաքին քաղաքական խաղերին մասնակից ընդդիմության դերը: Այս մի քանի ամիսներն այդ առումով ցնցող բացահայտումներ էին: Այդ քաղաքական ուժը չանցավ ռեժիմի գծված սահմաններից, չընդունեց համագործակցության որեւէ առաջարկ, չբարձրացրեց որեւէ պրոբլեմ, որը վերաբերեր կոռուպցիային, ռեժիմի արատներին, նրա վարած ներքին քաղաքականությանը: Եվ այդպես ակնհայտ դարձավ, որ սա գործուղված ընդդիմություն էր: Ասեմ, որ մենք սկզբում այդպես չէինք մտածում` կարծելով, որ նրանք կկարողանան վեր կանգնել կոալիցիոն անցյալից եւ դառնա ռեալ ընդդիմադիր ուժ, բայց դա տեղի չունեցավ: Նրանք ցույց տվեցին, որ բաղադրիչ մասն են այս օլիգարխիկ համակարգի, վստահաբար կարելի է ասել, որ դաշնակցության ղեկավարությունը բոլոր տեսակի թելերով, ուղնուծուծով կապված է այս օլիգարխիկ համակգին, ընդ որում` առաջացնելով դաշնակցության շարքային անդամների արդարացի դժգոհությունը:
 
Կարելի է ասել, որ Կոնգրեսին չհաջողվեց լայնացնել ընդդիմադիր ճակատը:
 
Ես համարում եմ, որ սա, միեւնույն է, օգտակար էր, քանի որ նման քայլերով կամ պետք է ստանաս դաշնակից, կամ` հանրության առջեւ այդ ուժի դեմքը, էությունը պարզել: Սա կարեւոր գրավական էր` նաեւ հանրության ավելի լայն աջակցությունը ստանալու համար, քանի որ հանրությունը, հասկանալով ով, ով է, ավելի հեշտ է կատարում ընտրությունը:
 
Դաշնակցությունը, այնուամենայնիվ, չի բացառում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը, սակայն այս պահին նրանք նպատակահարմար են գտնում պայքարել խորհրդարանում` սպառելով բոլոր տարբերակները:
 
Մենք կարող ենք արձանագրել այսօրվա քաղաքական իրողությունը. ՀՅԴ-ն իրեն արդեն մի քանի ամիս է` հայտարարել է ընդդիմություն, համարում է այս քաղաքականությունը ազգադավ, եւ իշխանությունների հրաժարականը դեռ չի պահանջել: Միակ հրաժարականը, որ նրանք պահանջել են, ԱԳ նախարարի հրաժարականն է, որն ուղղակի ծիծաղելի է: ՀՅԴ-ն այսօր մտահոգված է ռեժիմի համար կոմֆորտային իրավիճակ ստեղծելով: Թող նրանք անցնեն իրենց համար իշխանությունների գծած սահմանը եւ ապացուցեն, որ ընդդիմություն են: Թե՞ իրենք մտածում են, որ ունենալով Երկիր Մեդիա, Ա1+-ը չպետք է գործի, թե նրանք մտածում են, որ մարտի 1-ի 10 զոհերը չբացահայտված պետք է մնան: Թող այս քայլերից որեւէ մեկն անեն, որ հանրության կողմից մի քիչ վստահության արժանանան:
 
Կարծես թե Ժառանգության հետ էլ Կոնգրեսը այսպես ասած` լիաթոք չի համագործակցում: Ավելին, Ժառանգությունում տեղի ունեցած պառակտման մեջ այդ կուսակցության ներկայիս լիդերները երբեմն ուղղակի, երբեմն` անուղղակի կերպով մեղադրում էին Կոնգրեսին:
 
Նրանք շարունակո՞ւմ են մնալ նույն տեսակետին: Ես չգիտեմ: Միգուցե այդ պահին հնչեցրած իրենց էմոցիոնալ գնահատականների համար այսօր զղջում են: Ես չգիտեմ: Ինչ վերաբերում է համագործակցությանը, մենք անում ենք զանգվածային միջոցառումներ` ուղղված սահմանադրական կարգի, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության վերականգնմանը: Անում ենք այնպիսի մեծ զանգվածային միջոցառումներ, որոնք որեւէ այլ քաղաքական ուժ չի կարող անել: Այդպես արեցինք դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում, պլանավորված է մարտի 1-ի հանրահավաքը: Քաղաքական ուժերը, այդ թվում` Ժառանգությունը, եթե կիսում է այդ պայքարի գաղափարները, կարող է միանալ միջոցառմանը: Ցավոք սրտի, դա չի անում: Մյուս կողմից մարտի 1-ի ճշմարտության բացահայտման գործում ունեցել ենք համագործակցություն եւ շարունակելու ենք ունենալ: Մենք բաց ենք համագործակցության համար, եւ այս պահին համագործակցության չափը որոշում է Ժառանգությունը:
 
Ստացվում է, որ եթե Ժառանգության հետ հնարավոր եք համարում համագործակցությունը, ապա Դաշնակցության դեպքում դա բացառո՞ւմ եք:
 
Մենք բաց ենք համագործակցության համար: Դաշնակցությունը միշտ էլ հնարավորություն ունի վերանայելու իր մոտեցումները: Եթե նրանք ցույց տան հասարակությանը, որ պատրաստ են պայքարելու, պայքարելու միասնաբար, մենք բաց ենք: Բայց եկեք հասկանանք մի բան, որ անգամ կեղծված ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի իրական աջակցությունն ունի Հայ Ազգային Կոնգրեսը: Քաղաքական ճգնաժամի ամենամեծ պատճառն այն է, որ երկրում, վայելելով ժողովրդի մեծամասնության աջակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը ԱԺ-ում չունի գեթ մեկ պատգամավոր: Սա անընդունելի դիսբալանս է, որը թունավորելու եւ ապականելու է քաղաքական կյանքը եւ ստղծելու մշտապես լարվածություն: Իսկ լուծումը միայն մեկն է` նախագահի եւ ԱԺ-ի արտահերթ ընտրություններ: Առանց դրա հասարակության մեջ առկա լարվածությունը, դիսբալանսը, առճակատումը հնարավոր չէ լուծել:
 
Այնպիսի տպավորություն է, որ հասարակությունը համակերպվել է այս իրավիճակին. համենայն դեպս, քաղաքական կրքերն այլեւս նախկինի նման չեն:
 
Դա ես համարում եմ բնական: Ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, սովորաբար, գտնվում է քաղաքականապես սառը վիճակում, եւ ժողովուրդն ակտիվանում է ընտրությունների ժամանակ: Դա է պատճառը, որ մենք թեեւ հասկանում ենք, որ ընտրությունները կեղծվում են, ամեն կեղծված ընտրություններից հետո լինում է հասարակական հիասթափության ալիք, միեւնույն է, կարծում ենք, որ կարեւոր ընտրական պրոցեսներում պետք է ընդգրկվենք: Ժողովրդի հետ հաղորդակցվելու, ժողովրդին ակտիվացնելու, մեր գաղափարները հասցնելու այլ ձեւ, քան ընտրությունները, չունենք: Հիմա, երբ ժողովուրդը չի տեսնում մոտակա ընտրությունների հեռանկար, քաղաքականապես սառում է: Սակայն սա դեռ ոչինչ չի նշանակում: Տվեք մեզ համապետական ընտրություններ, եւ մենք շուռ կտանք քաղաքական ողջ պատկերը: Տվեք մեզ համապետական ընտրություններ, եւ Հայաստանը կանգնելու է Կոնգրեսի թիկունքին:
 
Բայց եթե ժողովուրդը քաղաքականապես սառած է, ինչն ընդունում եք նաեւ դուք, ինչպե՞ս կարելի է հասնել արտահերթ ընտրությունների:
 
Քաղաքական ճգնաժամի մասին արտահայտությունը սովորական խոսքեր չեն: Դա ունի ծանրագույն հետեւանքներ եւ տնտեսական, եւ սոցիալական, եւ ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտում: Դրա պատճառով է ձախողվում Հայաստանի ղեկավարությունը, քանի որ չի վայելում ժողովրդի աջակցությունը: Եթե իրենք հույս ունեն, որ ընտրություններ չանելով մարեցնելու են շարժումը, չարաչար սխալվում են: Ժողովուրդը մտնելու է լռակյաց դիմադրողականության վիճակի մեջ, որը հղի է ավելի սուր պայթյունով: Հնարավոր չէ ղեկավարել ժողովրդին, որը ներքուստ դիմադրում է իշխանությանը: Եվ բոլոր ձախողումները հենց սրանից է գալիս: Մենք մեր քաղաքական կարիերայի համար չենք ասում, որ ՀՀ-ի քաղաքական ու տնտեսական առողջացման գրավականը արտահերթ համապետական ընտրություններն են: Այսինքն` դիմադրելով արտահերթ ընտրություններին, իշխանությունները կամաց-կամաց ստեղծում են պայթյունավտանգ իրավիճակ եւ ձախողումների մի դաշտ, որի կուտակմամբ իրենց համար շատ ավելի անկառավարելի վիճակում բախվելու են արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության հետ: Այսպես ենք մենք շարժվում դեպի արտահերթ ընտրություններ: Եթե իշխանությունները մի քիչ հասուն լինեին, իրենց նախաձեռնությամբ կանցկացնեին արտահերթ ընտրություններ. այդ դեպքում իրենք գոնե կկարողանային ավելի կառավարելի վիճակում անցկացնել ընտրությունները` ավելի մեծ հնարավորություններ ունենալով ԱԺ-ում իրենց թեեւ նվազեցված առկայությունը պահպանելու համար: Իսկ քաղաքական իրողություններով պարտադրված իրավիճակում իրենք որեւէ շանս չեն ունենա:
 
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ


 

 

Բաժնի նյութերը