Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՎՏԱՆԳ

Հարցազրույց արվեստի պատմության դոկտոր, հրապարակախոս Հաջի Նազենի Ղարիբյանի  հետ
 
Ամփոփում ենք 2009 թվականը: Ինչպիսի՞ն էր այն, ըստ Ձեզ:
 
Եթե կարճ և ամբողջական բնորոշեմ, ապա կարող եմ ասել, որ 2009 թվականը Ռուսաստանի վերադարձի ակտիվ տարի էր: Ուղիղ 15 տարի առաջ` 94 թվականին,  քաղաքագետ և մտածող Տիգրան Հայրապետյանն առաջին անգամ գրեց այն մասին, որ Ռուսաստանը վերադառնում է: Այն ժամանակ, ցավոք, միայն ինքն էր զգում Ռուսաստանի վերադարձը, քանի որ խորապես ուսումնասիրել էր` ինչ է  կատարվում Ռուսաստանում և հասկացել էր այնտեղ կատարվող շրջադարձերը. ռեֆորմատորները փոխարինվում էին կայսերապաշտներով: Փաստորեն 94-ից մինչև այսօր Ռուսաստանը կամաց-կամաց վերադառնում է: 2009 թվականի ամբողջ ընթացքում զգացել եմ Ռուսաստանի շունչը, լսել եմ այդ արջի թաթերի ձայնը և նույնիսկ բերանի հոտը թե Հայաստանում, թե տարածաշրջանում: Իմ կարծիքով, դա արտահայտվում էր թե մեր ներքին և թե արտաքին քաղաքականության մեջ:
 
Ռուսաստանի արագացված վերադարձը ես պայմանավորում եմ աշխարհում կատարվող փոփոխություններով` Ամերիկայի նախագահական ընտրությունները և դրա հետ կապված Ամերիկայի քաղաքական կուրսի փոփոխությունը, Եվրոպայում, Հեռավոր և Միջին Արևելքում, Միջին Ասիայում տեղի ունեցող գործընթացները և վերջապես համաշխարհային տնտեսական ճգնաժամը ... այդ բոլորն անմիջականորեն կապված են մեր տարածաշրջանի հետ և նրանում ազդեցության գերակայության խնդրի հետ: Եթե Ռուսաստանի Կայսրության նախկին  սահմանները Արաքս գետով էր վերջանում, ապա այդ սահմանի կրկին վերադարձի ճանապարհին  տարածաշրջանում կա Վրաստան և Ադրբեջան: Ամենավերջին իրադարձությունները հիմք են տալիս հասկանալու, որ Ռուսաստանն ակտիվ աշխատանք է կատարում Ադրբեջանին իր կողմը “քաշելու” ուղղությամբ: Մենք տեսանք, որ Ադրբեջանը սկսել է ինչ-որ հակաամերիկյան թեթև արտահայտություններ անել այն  բանից հետո, երբ Ալիևը հանդիպել է Մեդվեդևի հետ:
 
Անցած դարասկզբին Կարմիր բանակը մտավ Ադրբեջան, գրավեց Բաքուն, հետո մտավ Հայաստան, որ այդտեղից գնա Վրաստան: Այդպես երեք հանրապետությունները փլվեցին և խորհրդայնացվեցին: Այս անգամ ես կարծում էի` դա Վրաստանով է լինելու. սկզբում “փլվելու” է Վրաստանը, հետո Հայաստանը, հետո էլ Ադրբեջանը: Հիմա սկսում եմ կասկածել, որ ըստ երևույթին ամեն ինչ նույն սցենարով է գնում: Հայաստանը անմիջական սահման չունի Ռուսաստանի հետ, և Ռուսաստանի վերադարձը կամ պետք է Վրաստանով լինի, կամ Ադրբեջանով: Այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել` մեր տարածաշրջան ասելով պետք չէ հասկանալ միայն Հարավային Կովկասը: Ես հիմա տեսնում եմ, որ բոլորը կենտրոնացել են Հարավային Կովկասի վրա: Բայց դա  Մերձավոր Արևելքն է, որի մեջ մտնում է և Հարավային Կովկասը, և Փոքր Ասիան, և Իրանը:
 
Վերջին քսան տարում այս տարածաշրջանում հեգեմոն դեր փորձում է նվաճել Թուրքիան, ու թեև սկզբունքորեն պրոբլեմատիկ երկիր է և չի կարող տարածաշրջանում խաղաղարարի դեր կատարել, բայց հիմա անընդհատ լսում եմ, որ փաստորեն և ամերիկացիները, և ռուսները թողնում են, որ Թուրքիան տարածաշրջանում մեծ խաղացող առաջատար երկիր դառնա: Եթե Բուլգակովի խոսքերով ասենք` Անիչկան ձեթն արդեն թափել է, իհարկե, ի դժբախտություն մեզ: Այսինքն` 2009-ին ռուսները և թուրքերը կրկին քաղաքական համաձայնության են եկել, իսկ պատմությունից մենք գիտենք, որ երբ ռուսներն ու թուրքերը համաձայնության են գալիս, հայերի համար սովորաբար վատ է լինում:
 
“Հայաստանի համար վատ է լինելու” ասելով` ի՞նչ ի նկատի ունեք, տարածքների հանձնո՞ւմ, պետականության կորո՞ւստ:
 
Կարող է լինել և մեկը, և մյուսը, կարող է նույնիսկ լինել նոր ցեղասպանություն (ընդ որում, ցեղասպանության տարբեր արտահայտություններ կան), կարող է լինել պատերազմ, կարող է լինել նոր ճակատի բացում` ասենք Ջավախքում: Ի վերջո, պետականության, անկախության, տարածքների կորուստ…
 
Այստեղ Ամերիկան ի՞նչ դերակատություն ունի:
 
Հարցն էլ հենց դա է` ռուսները թուրքերի հետ համաձայնության են եկել, հիմա շատ կարևոր է հասկանալ` ռուսներն ամերիկացիների հետ ինչպես են համաձայնության  եկել: Ռուսների այս արագաքայլ գալը հասկացնում է, որ ինչ-որ բան կա, որ նրանց ստիպում է տարածաշրջանում վերանվաճել նախկին ստատուս քվոն, որը կար մինչև սառը պատերազմի ավարտը: Նշանակում է` Եվրոպան և Ամերիկան էլ այստեղ խնդիրներ ունեն լուծելու: Օրինակ`այդքան չարչրկված ”Նաբուկո” ծրագիրը… սա հենց այնպես ծրագիր չէ, եվրոպացիների համար շատ կարևոր է Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալը: Բայց ռուսների համար դա ճակատագրական կարող է լինել, որովհետև ռուսական պետությունն այսօր գոյատևում է իր գազի վաճառքի շնորհիվ: Կոպիտ ասած` իրենք նստած են գազի վրա: Գազը տակից հանեցիր, այդ երկիրը փլվում է:
 
Դա արտաքին քաղաքականության  առումով, իսկ ներքին կյանքում Ռուսաստանի գալը Հայաստան զգում եմ այն պարզ պատճառով,  որ երբեք Երևան քաղաքում այդքան շատ ռուսախոսություն չեմ լսել, ինչ վերջին մեկ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր երեք հայից մեկը ռուսերեն է խոսում: Ես այդպիսի միտում նույնիսկ  Սովետական Միության ժամանակ չեմ նկատել:
 
Շատերը, սակայն, նկատում են, որ հակառակը, անգլախոս ենք դարձել:
 
Բոլորովին: Խնդիրը ռուսախոսների բացահայտ ջրի երես դուրս գալն է և բացահայտ ցույց տալը, որ իրենք ռուսախոս են, անգամ նրանք, ովքեր չեն տիրապետում լեզվին, փորձում են խոսել: Երկրորդ կարևոր փաստը, որ հասցրել եմ արձանագրել. դեռ երեք տարի առաջ պաշտոնական և պետական  բոլոր վայրերում տվյալներ լրացնելիս հարցնում էին անուն, ազգանունը: Վերջին տարում անհնար է որևէ փաստաթուղթ լրացնել առանց հայրանունի: Բանը հասել է նրան, որ օրինակ`թիվ 8 պոլիկլինիկայում դռների վրա գրված է` բժիշկներին խնդրում ենք դիմել անուն հայրանունով: Ես այդպիսի աբսուրդի նույնիսկ Սովետական Միության տարիներին չեմ հանդիպել: Կներեք, բայց սա արդեն աղաղակում է գաղութատիրության վերադարձը:
 
Անկեղծ ասած, չկա մի օր, որ ես մի քանի անգամ դեժավյու չապրեմ: Ես ինձ անընդհատ “բռնում եմ” այն մտքի վրա, որ ես ապրում եմ Սովետի օրոք:
 
Փաստորեն մոտենում ենք անկախության կորստի՞ն:
 
Իհարկե, որովհետև անկախությունը սահման չէ, հիմն չէ, բանակ չէ, գերբ չէ, դրոշ չէ… անկախությունը հոգեբանություն է, գիտակցություն, կեցվածք, որը նաև դրսևորում պետք է ունենա ամենօրյա մանրուքներում:
 
Իսկ հիմա  ռուսները գալիս են, և մենք էլ չենք դիմադրում, որովհետև դեռ հսկայական շերտ կա Հայաստանում, որը փոխանակ մտածելու` Հայաստանի վատ վիճակի պատճառների և դրանց լուծումների մասին, ասում է` այ, Սովետի ժամանակ լավ էր: Սովետական Միության տարիներն այսօր դարձել են հեքիաթային նոստալգիա:
 
Երրորդ կարևոր փաստը, որ ես տեսնում եմ, արդեն Ռուսաստանի կողմից է իրականացվում` թե ինչպես են աշխատում իրենց վերադարձի վրա` այդ քարոզին  հսկայական ֆինասական միջոցներ տրամադրելով: Անցնող տարվա ընթացքում  արդեն չեմ հիշում, թե քանի անգամ եմ հանդիպել Ռուսաստանին և ռուս-հայկական եղբայրությանը նվիրված միջոցառումների ազդագրերի: Երեք ամիս առաջ էլ հրավիրված էի իմ ռուս գործընկերոջ գրքի շնորհանդեսին, որը կազմակերպված էր Ռուսաստանի դեսպանության կողմից և անցկացվում էր Ակադեմիայի կլոր սրահում: Եվ թեև գիրքը նվիրված էր քրիստոնեությանը և իր բովանդակային կողմով որևէ կապ չուներ այսօրվա հետ, բայց ինձ զարմացրեց ռուսական դեսպանության ողջ կազմով այնտեղ ներկա գտնվելը: Հետաքրքիր էր, որ գրքի մասին խոսակցությունը տևեց 20 րոպե, մնացած 1,5 ժամը նվիրված էր բրեժնևյան տարիների հոտ փչող հայ և ռուս ժողովուրդների հավերժ բարեկամության մասին ելույթներին, թե ինչպես են ռուսները  հայերին փրկել թշնամիներից` թուրքերից, պարսիկներից, թե ինչպես այսօր դավաճաններ կան, որոնք Ռուսաստանի դեմ են խոսում և այլն: Այդ մասին ելույթ ունեցան թե ռուսները և թե հատկապես հայերը:  Ես ինքս ինձ անընդհատ հարցնում էի` տեր Աստված, այս ո~ւր եմ ընկել:
 
Առանց  ռուսների  հետ բարեկամության` ի՞նչ է մեզ սպասվում կամ սպառնում:
 
Խնդիրը բարեկամությունը չէ: Այստեղ պետք է հստակ տարբերակել բարեկամությունը, դաշնակցությունը ենթակայությունից, գաղութացումից, ստրկությունից. դրանք տարբեր բաներ են: Իսկ հիմա Ռուսաստանի գալը անմիջականորեն սպառնում է  մեր անկախությանը: Անկախությունը ցանկացած ազգային ինքնագիտակցություն ունեցող հասարակության  լավագույնս ծաղկման և զարգացման գրավականն է: Եթե դու չունես անկախություն, դու չես կարող լիարժեք զարգանալ: Սա մի բան է, իսկ մի այլ բան է ունենալ ռազմավարական դաշնակից: Իսկ մենք այս տարվա ընթացքում տեսանք, թե ինչպիսի ռազմավարական դաշնակից է Ռուսաստանը, որ Երևանում թուրքերի հետ բանակցեց` փաստորեն մեզ թիկունքով շրջված:
 
Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ հավասարը հավասարի նման  չեն ընդունում, որ դնում են փոքր  եղբոր տեղ, որի խոսքն  արժեք չունի: Ո՞րն է պատճառը:
 
Պատճառն այն է, որ մենք դեռ չենք կարողացել կայացնել մեր երրորդ հանրապետությունը:
 
20 տարում ի՞նչ կարելի էր անել, որ չարեցինք:
 
Կարելի էր գոնե հասարակական, քաղաքական ինստիտուտներ ստեղծել, որոշ բաներ ինստիտուցիոնալացնել, որպեսզի կարողանայինք մեր ոտքերի վրա կանգնել և անկախության ճանապարհով քայլեր անել, այսինքն` ստեղծել սեփական ինստիտուտները, միտքը, ռազմավարությունը, մշակել քաղաքականություն, հետազոտական կենտրոններ, որոնք, ցավոք, չարվեցին:
 
Հիմա եթե ամփոփեմ տարին` թեև  Հրանտն ասում էր` միակ բանը հայ-թուրքական բանակցությունների նախաձեռնությունն էր Հայաստանի կողմից, ես կասեի` ոչ, որովհետև հայ-թուրքական բանակցություններն էլ մեր նախաձեռնությունը չէին: Եթե դա լիներ Հայաստանի ինքնուրույն քաղաքականությունից եկող ինքնուրույն նախաձեռնություն, մենք  այդ նախաձեռնության շարունակությունը կտեսնեինք արձանագրության ստորագրումից հետո էլ: Այնպիսի տպավորություն է` կարծես այդ հայ-թուրքական  արձանագրությունները ոչ միայն մեր երկրին չեն վերաբերում, այլև նույնիսկ մեր հարևան պետությանը չեն վերաբերում` ասենք Կամբոջան չգիտեմ ում հետ բարեկամության պայմանագիր է ստորագրել: Այսօր ամբողջ հայ-ժողովուրդը,  քաղաքական, հասարակական, մտավորական էլիտան նստած սպասում է, թե հետո ինչ է լինելու: Նախաձեռնողականության իսպառ բացակայություն: Սպասում են, թե Ամերիկան, Ռուսաստանն ինչ կասեն, որ անեն, Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի՞, թե ոչ, որ ըստ այդմ էլ շարժվեն: Իսկ մի՞թե  հնարավոր չէ նրանց խորհրդարանը չհաստատի, իսկ մերը հաստատի կամ հակառակը:  Չէ՞ որ մենք ենք հայտնվել թակարդում և մենք պետք է ճգնենք ելքեր որոնելու վրա: Այսպիսի հանցագործ անգործությունը շատ թանկ է նստելու մեզ վրա: Ուրեմն նշանակում է` մենք իզուր ենք այդ մարդկանց փող տալիս… չէ՞ որ ես իրենց իմ հարկի միջոցով փող եմ տալիս, որ իմ փոխարեն իմ երկրի անկախ քաղաքականությունն իրականացնեն: Հայաստանը պետք է կենտրոնացնի, կոնսոլիդացնի, գործի դնի եղած քաղաքական միտքը, ռեսուրսները, մտածողներին:
 
Նոր տարում ի՞նչ եք մաղթում:
 
Մաղթում եմ իմաստնություն, վերադարձ առ Աստված, վերադարձ առ այն արժեքները, որոնք կորցել ենք, քանի որ այդ արժեքների վերադարձի միջոցով էլ գուցե մենք կարողանանք մեջքներս ուղղել և հասկանալ` ընդհանրապես ինչ դեր ենք կատարում, ինչի համար ենք, ինչ ենք անելու, ուր ենք գնալու: Ամենաշատը  ցանկանում եմ խոհեմություն, որովհետև 2010-ն ինձ համար ոչ միայն հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական, այլ նաև հայ-վրացական տարի է լինելու: Մենք 2-րդ Ղարաբաղ իրավունք չունենք ունենալու, քանի որ և որպես պետություն,   և որպես ազգ մեր վերջն իրոք կգա:
 
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ


 

 

Բաժնի նյութերը