|
Հայաստանի իշխանությունը գրեթե բոլոր մակարդակներում գտնվում է “քարից փող քամելու” ռեժիմի մեջ, հարկեր ու տուրքեր սահմանելով ինչի վրա որ հնարավոր է` քանդած պատերի, հոսող ջրերի, կանգնած մեքենաների, շների, կատուների վրա: Այդ ամենը բնականաբար առաջացնում է Հայաստանի քաղաքացիների դժգոհությունը, որովհետեւ նրանք ոչ միայն գազի, ջրի, եւ մյուս ապրանքների համար են թանկ վճարում, այլ նաեւ նոր հարկ եւ տուրք են տալիս պետությանը, փոխարենը չստանալով գրեթե ոչինչ, դասախոսություններից եւ ամպագորգոռ ու հավակնոտ ծրագրերից բացի: Բայց, Հայաստանի քաղաքացիները դժգոհելու տեղ չունեն, որովհետեւ Հայաստանի իշխանությունը բավական լիբերալ է հարկային եւ տուրքային քաղաքականության առումով: Իսկ ինչ պետք է անեին Հայաստանի քաղաքացիները, եթե Հայաստանում գործեին այնպես, ինչպես ժամանակին Տիբեթի իշխանությունն է գործել, հարկ սահմանելով ականաջների համար: Ընդ որում, տիբեթցիները վճարել են այդ հարկը եւ որեւէ մեկը ավելորդ հարկ չտալու համար իր ականջը չի կտրել: Ուրեմն տեսնում եք, թե որքան բարեհոգի է Հայաստանի իշխանությունը, որ դեռեւս հարկ կամ տուրք չի սահմանում քաղաքացիների մարմնի մասերի համար: Հեղափոխությունից օրեր անց, ռուսական մի հեռավոր գյուղի բնակիչները որոշում են գնալ Լենինի մոտ եւ նրան պատմել իրենց խնդիրների մասին: Սոված, ծարավ, հազարավոր կիլոմետրեր կտրում են հասնում Լենինի ընդունարան, սպասում են ընդունելության, մեկ էլ հանկարծ միջանցքով անցնում է Ֆելիքս Ձերժինսկին, կարագ-հաց ուտելով: Գյուղացիների ուղղակի հալվում են այդ տեսարանից եւ խնդրում են Ձերժինսկուն, որ նա մի կտոր կարագ-հաց տա իրենց: “Ձայններդ կտրեք, թե չէ այս կարագ-հացով կհասցնեմ ձեր քիթ ու մռութին”, ասում է Ձերժինսկին ու հեռանում: Գյուղացիները բնականաբար վիրավորվում են հեղափոխության առաջնորդներից մեկի այդ պահվածքից, եւ երբ մտնում են Լենինի մոտ, որոշում են նրան հայտնել Ձերժինսկու պահվածքի մասին իրենց բողոքը: “Բայց խղճով մարդ է չէ Ֆելիքս Էդմունդովիչը, կարող էր նա հասցնել ձեր քիթ ու մռութին”, նրանց բողոքը լսելուց հետո ասում է Լենինը: Դա թերեւս շատ արդիական անեկդոտ է Հայաստանի ներկայիս իրավիճակի ֆոնին: Ի վերջո, խղճով է Հայաստանի իշխանությունը: Կարող էր չէ տիբեթական կառավարության նման խիղճը կորցնել ու ականջի հարկ սահմանել: Հետո ինչ, որ Տիբեթում այդ հարկն արդեն վաղուց չկա: Եթե Հայաստանում ականջի, քթի, բերանի, աչքի եւ մարմնի այլ մասերի հարկ չսահմանեն, Հայաստանն էլ շուտով չի լինի, որովհետեւ փող չկա, երկիրը պարտքերի մեջ թաղվում է, իսկ դրանք դեռ պետք է վերադարձնել: Միթե հայաստանցիները սպասում են, որ իշխանության ներկայացուցիչները պետք է իրենց դղյակները,ամառանոցները, անձնական ու ծառայական շքեղ ավտոմեքենաները, բիզնեսները վաճառեն, որ պետական պարտք փակեն: Այն հայաստանցին, ով այդպես է մտածում, ուղղակի խիղճ չունի, եւ նրա համար պետք է նաեւ մտքի հարկ սահմանել: Թող վճարեն մտածելու համար, որ մտածելու ղադրն իմանան եւ իրենց տրված միտքը չօգտագործեն այդպիսի անհեթեթ բաներ մտածելու համար: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
|