Lragir.am - Armenian Online

 Կիրակի, 14 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՍՊԱՍՈՒՄՆԵՐ, ԿԱՄ ՍՊԱՍԸ ՈՒՄՆ ԷՐ

Հայաստանի կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը “դավանում” է այսպես ասած “սպասումների տեսությանը”, ինչի մասին նա ունեցել է հրապարակային բազմաթիվ ելույթներ: Հատկապես հիշարժան է համաշխարհային տնտեսական ճգնաժամի նախնական շրջանում նրա ունեցած ելույթները, որոնց տրամաբանությունը հենց այդ տեսությունն էր: Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, որ ճգնաժամից Հայաստանը ոչ միայն չի տուժելու, այլ նույնիսկ ունի զարգանալու հնարավորություններ, քանի որ “եդեմ” է դառնալու համաշխարհային կապիտալի համար: Նա այդ բանն անում էր հենց բնակչության եւ տնտեսվարողների մոտ դրական սպասումներ ձեւավորելու համար, համոզված լինելով, որ այդ սպասումներն են որոշելու Հայաստանի տնտեսության վարքագիծը:
 
Դժվար է ասել, թե արդյոք ինչ ազդեցություն ունեցան այդ սպասումները: Չի բացառվում, որ Հայաստանի կառավարությունը ճգնաժամը կանխելու ուղղությամբ հենց միայն այդ գործնական քայլն է արել, ու եթե այդ սպասումները չլինեին, ապա տնտեսության անկումը գուցե 14.4 տոկոսի փոխարեն լիներ ասենք 24.4 կամ 44.4 տոկոս: Թեեւ մյուս կողմից դժվար է ասել նաեւ, թե քանի քաղաքացի եւ տնտեսվարող էր հավատում Տիգրան Սարգսյանի այն հավաստիացումներին, թե ճգնաժամը Հայաստանին ինչքան վտանգ է բերում, այդքան եւ գուցե ավելի էլ բերում է զարգանալու հնարավորություն: Բայց խնդիրն այժմ դա չէ, այլ կառավարության ղեկավարի, հետեւաբար կառավարության դավանած “սպասումների տեսությունը”:
 
Օրերս, Հայաստանի կառավարության անդամ Գերասիմ Ալավերդյանը, ով ՕԵԿ քվոտայով գյուղատնտեսության նախարար է աշխատում, հեռուստաեթերից հայտարարում էր, որ շուկայում մսի գնի էական ավելացումը պայմանավորված է նրանով, որ գյուղացին ունի այլընտրանք եւ կարող է այժմ միսը ոչ միայն վաճառել ներքին շուկայում մանրածախ վաճառք իրականացնողներին, այլ նաեւ արտահանողներին:
 
Ինչ է անում նախարարը: Դե, իհարկե, սպասումներ է ձեւավորում գյուղացիների շրջանում: Դրանից հետո, այն գյուղացին, որը դեռ գլխի չէր ընկել, որ կարելի է թանկացնել միսը, անպայման կթանկացնի: Իսկ այն գյուղացին, որն արդեն թանկացրել էր, կտեսնի, որ նախարարը փաստացի խրախուսում է իրենց վարքագիծը, հետեւաբար կառավարությունն է այդ վարքագիծը խրախուսում, ուրեմն պետք է մսի գինն ավելի թանկացնել, քանի որ եթե ներքին վաճառողը չառնի, արտահանողը հաստատ կառնի, որովհետեւ այդ միսը մի քանի անգամ թանկ գնով վաճառվում է իրանական շուկայում: Իսկ այդ 70 միլիոնանոց շուկան կարող է “անհատակ հոր լինել հայկական միս արտահանողների համար:
 
Օրերս մի ծանոթ բրոկեր պատմեց մի բավական հատկանշական պատմություն, որը տեղի է ունեցել նախորդ ամռանը: Նա իր հաճախորդներից մեկին ուղեկցում է վաճառվող մի բնակարան տեսնելու: Երբ բարձրանում են, տեսնում են բնակարանը, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ տանտերը բնակարանի գինը բարձրացրել է մի քանի հազար դոլարով: Բրոկերը զարմանում է, որովհետեւ բառացիորեն մի քանի օր առաջ տանտերն ավելի էժան էր վաճառում տունը: Տանտերն էլ բացատրում է, թե տները թանկացել են: Բնականաբար բրոկերն ու պոտենցիալ գնորդը հետաքրքրվում են, թե ինչից է նա այդպիսի եզրակացության եկել: “Չլսեցի՞ք, երեկ վարչապետը հեռուստատեսությամբ ասաց, որ բնակարանների գները բարձրացել են”, հնչում է տանտիրոջ պատասխանը: Ծանոթ բրոկերս ասում է, որ ծիծաղեցին պատասխանի վրա եւ գնորդի հետ հեռացան:
 
Ահա սպասումների ձեւավորման վառ օրինակ: Եվ կարծես թե սկսում ես հասկանալ, որ այդ տեսությունն իրապես արդարացնում է իրեն, ու վարչապետը սխալ չէ: Բայց խնդիրն այն է, թե դավանելով այդ տեսությանը, կառավարությունն ինչ սպասումներ է ձեւավորում երկրում` քաղաքացիների ու տնտեսվարողների շրջանում: Դատելով գյուղնախարարի օրինակով, այդ սպասումները քաղաքացիների համար այդքան էլ նպաստավոր չեն: Գուցե լավ են գյուղացիների համար, որոնք միս են մթերում: Բայց ինչու պետք է գյուղացիների համար լավ լինի քաղաքացիների հաշվին: Իսկ ում հաշվին պետք է լավ լինի քաղաքացիների համար: Կամ ինչու պետք է գյուղացիների բարեկեցությունը ձեւավորվի քաղաքացիների հետ հակադրության ավելացման ճանապարհով: Ու ընդհանրապես, սպասումներ ձեւավորելիս ով է հաշվում, եւ ինչպես է հաշվվում, թե այդ սպասումը բնակչության որքան մասի համար է լինելու հաճելի, իսկ որքան մասի համար` տհաճ:
 
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ


 

 

Ջեյմս Հակոբյանի հոդվածները
ՔԱՐԻՑ ՀԱՐԿ ՔԱՄՈՂ
11:28:37 - 13/03/2010
ԲԱՆԸ ՓՈՂԸ ՉԷ
11:09:58 - 02/03/2010


Բաժնի նյութերը