|
2009թ. երկրորդ կիսամյակին Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը վերամշակել է մոտավորապես 1.3 միլիոն տոննա հանքաքար, ինչը հինգ տոկոսով ավելի է 2008թ. արդյունքներից: Ընկերության կանխատեսումներով հանքաքարի արդյունահանման և վերամշակման ծավալները ընթացիկ տարում կավելանան մինչև 3-3.5 միլիոն տոննա: 2009թ. կոմբինատը արտադրել է 248 տոննա մոլիբդենի խտանյութ և 13.500 տոննա պղնձի խտանյութ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով 2009թ-ի փետրվար ամսին կոմբինատը դադարեցրեց իր արտադրական գործունեությունը և վերսկսեց իր աշխատանքը ամբողջ ծավալով հունիսի 30-ից: 2008թ. վերջիս ԱՊՄԿ-ն աշխատում էր անկայուն և հոկտեմբեր ամսից սկսել էր կորուստներ կուտակել, որոնք վերականգնվեցին բաժնետերերի ներդրումների հաշվին: Կոմբինատի աշխատանքը դադարեցնելու պահից հինգ հարյուր աշխատակիցներ շարունակեցին վերանորոգման-վերականգնման աշխատանքները, որոնք վարձատրվում էին աշխատավարձի լրիվ չափով, իսկ չորս հարյուր աշխատակիցներ ուղարկվեցին հարկադիր արձակուրդ, որոնք վարձատրվում էին աշխատավարձի երկու երրորդի չափով: Ձեռնարկության վերաբացումից հետո այդ աշխատակիցները վերադարձան իրենց աշխատատեղերը: Անցած տարի վերամշակման ծավալների ավելացումը հաջողվեց ձեռք բերել տեխնիկական վերազինմանը ուղղված հակա-ճգնաժամային ծրագրի իրականացման շնորհիվ, ինչը հանգեցրեց արտադրության արդյունավետության և հանքավայրի շահագործման արդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը ենթադրում է համակարգված մոտեցում, ներառյալ կապիտալ ներդրումները` ուղղված արտադրության նորացմանը և միջին օղակի աշխատակիցների որակավորման բարձրացումը, ինչպես նաև ձեռնարկության կազմակերպական կառուցվածքի փոփոխությանը: 2010թ-ին ընկերությունը պլանավորում է հանքաքարի արդյունահանման և վերամշակման ծավալները ավելացնել մինչև 3-3.5 միլիոն տոննա, իսկ մակաբացման աշխատանքների ծավալները հասցնել մինչև 2.2 միլիոն խորանարդ մետրի: Նախանշված աճը ձեռք կբերվի տեխնիկական վերազինման և, մասնավորապես գործարանի վերակառուցման շնորհիվ: Գործարանի նորացման շնորհիվ զգալիորոն կկրճատվեն էլեկտրաէներգիայի, ֆլոտոռեագենտների և այլ բաղադրամասերի արտադրական ծախսերը: 3.5 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման համար անհրաժեշտ է ավելացնել հանքարդյունաբերական մեքենաների թիվը: Հանքաքարի արդյունահանման աճը իր հետ կբերի նաև մակաբացման աշխատանքների ծավալների ավելացում, հետևաբար Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում աշխատանքների ծավալները կավելանան, ինչը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Սոցիալական ծրագրերի իրականացումը ընկերության կարևոր և առաջնահերթ խնդիրներից է: Կոմբինատը աշխատավարձերը վճարում է ժամանակին և իրականացնում բոլոր սոցիալական պարտավորությունները: Քաղաքաշինության բնագավառում ձեռնարկությունը ակտիվորեն համագործակցում է Ագարակ քաղաքի վարչակազմի հետ և իր հնարավորությունների սահմաններում մասնակցում է քաղաքի սոցիալական ծրագրերի իրականացմանը: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
|