Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 15 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ԽԱՂԱՏՆԵՐԻ ՏՈՒՐՔԸ ԿՄԵԾԱՑՎԻ

Խաղատների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ այսօր տեսակետներ են ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը և փորձագետ Կարինե Հակոբյանը:
 
Վարդան Այվազյանը նշել է, որ նոր օրինագիծը 3 օրենքների նախագիծ է, քանի որ դրանով կկարգավորվեն ոչ միայն խաղատների, այլև լիցենզավորման և պետական տուրքի մասին օրենքները: Օրենքում առաջարկ կա խաղատներից գանձվող 400 մլն դրամ տուրքը դարձնել 1 մլրդ դրամ, նաև սահմանվել է գոտիականությունը, ըստ որի մեծ բնակավայրերի կողքին գտնվող խաղատներից գանձվող գումարն ավելի շատ է լինելու փոքր բնակավայրերի կողքին գտնվողներից: Առաջարկություն կա պետական տուրքի արտոնություն տալ նրանց, ովքեր կցանկանան խաղատուն բացել սահմանամերձ շրջաններում:  
 
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի խոսքով, 2013 թվականից սկսած հստակ քաղաքականություն է գործելու խաղատների մասով: Հստակ սահմանվել են գոտիներ, որտեղ պետք է գտնվեն խաղատները: Դրանք ամբողջությամբ, բացի օդանավակայանից, որտեղ միջազգային պայմանագրերով թույլատրված է խաղատան առկայությունը, տեղակայվելու են տուրիստական բնակավայրերում` Սևանում, Ջերմուկում և Ծաղկաձորում:
 
Փորձագետ Կարինե Հակոբյանն ասել է, որ մտահոգության առարկան Ծաղկաձորի, Ջերմուկի և Սևանի ճակատագրերն են: Նրա կարծիքով, կա գաղափարական և բարոյական խնդիր:
 
“Խաղամոլությունը կարող է եկամուտներ բերել երկրին, սակայն ում են պետք այդ եկամուտները, որ ապականելու են մարդկանց: Մենք չունենք երկրի անվտանգ զարգացման հայեցակարգ: Պետք է որոշել, որոնք են երկրի զարգացման գերակա ճյուղերը: Զարգացած երկրի համար տուրիզմը չի կարող գերակա ճյուղ համարվել, իսկ գիտությունը, մշակույթը, կրթությունը` ածանցյալներ: Գերադասելի է այդ խաղատները Երևանում լինեն, քան փոքր քաղաքներում, քանի որ փոքր քաղաքները հեշտությամբ կապականվեն, իսկ Երևանը մի կերպ կարող է դիմանալ”, ասել է Կարինե Հակոբյանը:
 
Լրագրողի հարցին` թե ինչ պետք է անեն այն պատգամավորները, մասնավորապես Առաքել Մովսիսյանն ու Լեւոն Սարգսյանը, ովքեր խաղատներ ունեն, Վարդան Այվազյանը տվել է “սահմանադրական” պատասխան` օրենքը դրվելու է քվեարկության, եւ անհատի կամքով չի որոշվում:


 

 

Բաժնի նյութերը