|
ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն այսօր ամփոփեց 2009 թվականը: Ըստ այդմ` 2009-ը շատ ծանր տարի էր մեզ համար, քանի որ ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքներն զգացվեցին ՀՀ-ում, սակայն, բարեբախտաբար, ՀՀ-ում ֆինանսական ճգնաժամ որպես այդպիսին չեղավ. ''Մենք ունեցանք տնտեսական ճգնաժամի ազդեցություն ֆինանսական հատվածի վրա, և ֆինանսական հատվածը շատ հստակ կերպով կարողացավ դիմակայել ճգնաժամին”: Անդրադառնալով ֆինանսական խնդիրներին, ԿԲ փոխնախագահը նշեց, որ դրանք առկա են ամբողջ աշխարհում, իսկ մենք պատվով դիմացանաք փորձությանը: “Եթե նայենք ֆինանսական համակարգի զարգացման տրամաբանությանը, ապա առաջին կիսամյակում տեղի ունեցած նկատելի կրճատումից հետո երկրորդ կիսամյակում ֆինանսական համակարգը կարողացավ արդեն օգտագործել հմտությունները զարգացման համար, և դրա գրավականներից մեկն այն է, որ գրեթե երկու անգամ ավելացան տրամադրվող վարկերի տեսակները: Սա նշանակում է որ ֆինանսական համակարգը ոչ թե ստեղծեց խնդիրներ տնտեսության զարգացման համար, այլ օգտակար եղավ տնտեսության վերականգնմանը”, նշեց ԿԲ փոխնախագահը` տնտեսության զարգացմանը խոչընդոտող խնդիր համարելով ստվերայնության մեծ տոկոսը: Մակրոտնտեսական առումով ևս Վ. Գաբրիելյանը 2009-ը համարում է որպես կայուն զարգացումների տարի: “Ճիշտ է` մենք ունեցանք արժույթի էական արժեզրկում, սակայն մակրոտնտեսական տեսակետից կարելի է ասել միջավայրը մնաց բարվոք”: ԿԲ պաշտոնյայի խոսքով, հավասարակշռված գնաճային ֆոն ապահովելու արդյունքում մենք շատ մոտեցանք գնաճի ռիսկային մակարդակին: Եվ թեեւ միայն վաղը Ազգային վիճակագրական ծառայությունը պետք է հրապարակի գնաճի վերջնական թվերը, այնուամենայնիվ, ըստ Գաբրիելյանի, մենք գտնվում ենք վերին սահմանին մոտ: “Մեր կարծիքով, մենք ավարտել ենք տնտեսական անկման փուլը և այժմ գտնվում ենք վերականգման փուլում: Գնահատականներով կանխատեոսում ենք մոտ 15 տոկոս անկում, բայց վերջնական գնակահատականը կիմանանք հունվարին”, նշեց բանախոսը: Իսկ եթե առավել կարճ ամփոփենք տարին, ապա, ըստ ԿԲ-ի, 2009-ին մարտահարավերները լուրջ էին, ճգնաժամի ազդեցությունները դեռևս հաղթահարված չեն, բայց ապագան լավատեսական է, քանի որ 2010-ին կանխատեսվում է փոքր տնտեսական աճ:
|