Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՈՐՏԵՂ Է ԼԻՆՈՒՄ ՁՐԻ ՁՄԵՌ ՊԱՊ

Հայ ժողովրդի հնարամտության վրա կասկածելու համար պետք է առնվազն այլ մոլորակից եկած կամ լուսնից իջած լինես: Այս անգամ էլ ֆինանսատնտեսական ճգնաժամը, փող չլինելը, խանութներում պարտքով ապրանք տալու ավանդույթի վերացումը չի ընկճել հայ ժողովրդին: Հայերը շարունակում են փող հայթայթել և որևէ մեկից, առավել ևս հարևանից պակաս չնշել Ամանորը: Բանն այն է, որ հիմա էլ վարկով են Ամանորը նշում, հարևանը պարտքով փող չի տալիս, որովհետև չունի, “խոպանն էլ” իրեն այս տարի առանձնապես չարդարացրեց: Շատերն իրենց ավտովարկի և կամ ասենք բնակարան վերանորոգելու համար վերցրած վարկերից հատկացնում են նաև ամանորյա սեղաններին: Ու որտեղ այդքան ծախս, այնտեղ էլ Ձմեռ պապ ու Ձյունանուշ հրավիրելն անմասն չեն մնում, այսպես ասած` էրեխես ում էրեխուց ա պակաս որ:
 
Երեխայի համար 15-20 րոպեանոց հաճույք  ապահովելու համար ծնողը պատրաստ է վճարել 20.000 դրամ: Ինչպես նշեց ոլորտում երկարամյա փորձ ունեցող, “Երազանքների թատերախմբի” ղեկավար Ռուզաննա Պարոնյանը, ով 95 թվականից նման ծառայություններով է զբաղվում, վերջին հինգ տարիներին Ձմեռ պապի ծառայության գները մնացել են անփոփոխ: Բացի այդ, Ձմեռ պապն ու Ձյունանուշը իրենց հետ նվեր չեն բերի, նվերները կպատրաստեն ծնողները, ինչն էլ չի մտնում արդեն սահմանված 20.000 դրամի մեջ: “Երազանք թատերախումբն” այս տարի ճգնաժամն այնքան էլ չի զգում, նույն պատվերներն են, նոր տարվա առաջին  օրերին արդեն 20-25 պատվեր ունեն: Իսկ Ձմեռ պապի` առանց նվեր փոքրիկին այցելելը Ռուզաննան պատճառաբանում է` փոքրիկի երազանքը ծնողից լավ ոչ ոքի չգիտե: “Միակ բանը, որ եղավ պատվերների նվազման տեսակետից, դա այն է, որ մանկապարտեզները փակվեցին, իսկ պատվերներ ունեինք նաև այդտեղից: 95 թվականի համեմատ պետք է նշեմ, որ շատացել են պատվերները”, ավելացրեց Ռուզաննան:
 
Իսկ ձմեռ պապի ծառայությունից, պարզվում է, որ ոչ այնքան հարուստներն են օգտվում, որքան խելոք մարդիկ, ովքեր կարևորում են որակն ու ճիշտ սպասարկումը: Նման կարծիք է հայտնում արդեն  “Ռոբերտինո” մանկական խնջույքների կազմակերպման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Մովսեսյանը, ավելացնելով, որ իր կենտրոնում ծառայություն են մատուցում դերասանները, ինչպես նաև մանկական խաղավարները: Ու թեև չի նշում առ այսօր պատվերների քանակը` համարելով դա կոմերցիոն գաղտնիք, բայց ասում է, որ ձմեռ պապն ու ձյունանուշն առաջինը իր տուն են շտապելու: Ու հետո էլ ավելացնում է, որ ճգնաժամը ազդել է պատվերների թվի վրա, սպասվածից քիչ են, ներդրել են շատ, բայց օգուտ, այնուամենայնիվ, այնքան էլ չի լինի:
 
Պետք է նշել, որ երբեմն լինում են նաև անվճար Ձմեռ պապեր, որոնց տրամադրում են թաղապետարանները, բայց դրանք լինում են ծայրաստիճան անհետաքրքիր և տխուր: 7-ամյա Արևիկին անցյալ տարի Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի կողմից է ձմեռ պապ այցելել, և երեխան այլևս ձմեռ պապին չի սպասում: Եվ նրանց, ում համար Ձմեռ պապը թանկ հաճույք է, Ձմեռ պապը կայցելի երազում:
 
“Տարվա մեջ էս մի քանի օրը լավ աշխատոմ ենք: Գիտեք երկու հոգու գործ կա` նոր տարուն լավ լինում` մերն ու տաքսու վարորդներինը”, ասում է Վարդան անունով Ձմեռ պապը` վստահ լինելով, որ նոր տարվա առաջին օրերին հարբելով` շատերն են “տաքանում” ու Ձմեռ պապ պատվիրում հանպատրաստից:
 
Ու այս տարի էլ կանցնի մնացած տարիների պես, հարևանը կմրցի հարևանի հետ, բայց օրինակ եթե նման աշխույժ մրցակություն ցուցաբերեինք մեր հարևան երկրների հետ, հիմա բոլորովին այլ երկրում կապրեինք, ուժեղ ու մրցունակ, ու մրցության ճանապարհին էլ չէինք հանդուրժի “դաղալությունը” և “զոռբայությամբ” առաջ գնալը:
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ


 

 

Բաժնի նյութերը