|
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մարտի 13-ին գնահատել է Հայաստանի արտգործնախարարի դիվանագիտական հմտությունը, որի մասին Էդվարդ Նալբանդյանը խոսել էր օրերս: Վահան Հովհաննիսյանը նկատել է, թե երբ Նալբանդյանը դեռ ծնված չէր, կամ երբ դեռ դպրոց էր գնում, Դաշնակցությունը դիվանագիտական աշխատանք էր տանում Հայաստանի շահի համար: “Կարծում եմ, որ նախարարի պատկերացմամբ, ինքը առանձնահատուկ հմտություններ ունի բանակցություններ վարելու, որ չունեն ուրիշները: Բայց նույն ամերիկյան գործընկերները, հանդիպումների ժամանակ, մեր կողմին ասել են, որ վերջապես այո, իրենք էլ հասկանում են, որ պրոտոկոլներում կան նախապայմաններ, բայց դե “ձեր կողմը ընդունել է, թող չընդուներ”: Ուրեմն եթե հմտությունը բանակցություններ վարելու, ամեն ինչ էստի համացեք եւ այո ասելն է, այո, այդ հմտությունը մենք չունենք: Մենք ուրիշ կերպ կվարեինք բանակցությունները: Իսկ թե նրանց վարած բանակցություններն ինչ արդյունք են տալիս, դա շատ լավ երեւաց Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումներում, որ վերջերս, ամսի 4-ին տեղի ունեցան, ինչպես գիտեք, եւ որտեղ բազմաթիվ կոնգրեսականներ, այդ թվում ցավոք սրտի նրանք, ովքեր միշտ կողմնակից են եղել ցեղասպանության բանաձեւի անցնելուբն, այս անգամ խոսում էին պրոտոկոլների մասին, այս բանակցությունները ներկայացնելով որպես այնպիսի գործոն, որ թույլ չի տալիս հիմա ցեղասպանության հարցին անդրադառնալ”, ասում է Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այդ իրողությունը ակնհայտ է դարձնում, որ հայ-թուրքական արձանագրությունների վնասը մենք արդեն զգում ենք: “Ուրեմն, պրոտոկոլներից վնասն արդեն ակնհայտ է, օգուտները մենք դեռ չենք տեսել եւ վախեմ չենք էլ տեսնելու, բայց որ վնասկան ակնհայտ է, սա պարզ է”, ասում է Վահան Հովհաննիսյանը: Նա հիշատակում է նաեւ այն, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կոնգրեսի հանձնաժողովի ընդունումից հետո հայտարարել է, որ դրա հետագա ընթացքը անցանկալի է, նաեւ հայ-թուրքական հարաբերությանը չվնասելու տեսնակյունից: “Վերջերս, եթե չեմ սխալվում, ես այսօր տեսա դա ինտերնետի վրա, ԱՄՆ պետքարտուղարը հրավիրում է Հայաստանի Հանրապետության նախագահին ապրիլի կեսերին Ամերիկա, հանդիպելու այնտեղ Էրդողանին: Սա հերթական ծուղակ է, վստահեցնում եմ ձեզ, ապրիլի 24-ից առաջ այդ հանդիպումը կայացնելով ազատել Օբամային գենոցիդ բառն արտասանելու պարտականությունից: Այսինքն մենք շատ լուրջ հակառակորդներ ունենք, եւ նրանց, ում թվում է, որ ամեն ինչ հեշտությամբ է անցնում եւ բավական է, որ մեր արտգործնախարարը մի տեղ ժպտա ու ամեն ինչ ճիշտ գնա, իրականությանը չի համապատասխանում”, ասում է Վահան Հովհաննիսյանը:
|