|
Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանին, նշելով, որ փետրվարի 2-ի նիստում պատգամավորներ Առաքել Մովսիսյանը` Շմայսը, եւ Վազգեն Կարախանյանը անվայել արտահայտություններ են հնչեցրել իր հասցեին: Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին հիշեցրել է, որ վերջինս Ազգային ժողովի նախագահ է եւ ունի իրավունքներ ու պարտականություններ, մասնավորապես պատգամավորներին կարգի հրավիրելու առումով: Նա մատնանշել է բոլոր այդ իրավունքներն ու պարտականությունները, որոնք ամրագրված են ԱԺ կանոնակարգ-օրենքում, որը հնարավոր է Հովիկ Աբրահամյանը չի կարդացել: Զարուհի Փոստանջյանը նամակում ասում է, որ սպասում է այդ պատգամավորների վարքի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի գնահատականին, այլապես 'նրանց վարքագծին գնահատական չտալը միանշանակ կփաստի, որ ԱԺ նախագահի կողմից է հովանավորվում Ժառանգություն խմբակցության գործունեության խոչընդոտման փորձերը', ասվում է նամակում:
|