|
Կապանի Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի ՓԲԸ-ում կրճատումներ են սկսվել: Գոլդ Մայնինգ Քամփընի ՓԲԸ հասարակության և համայնքների հետ կապերի մասնագետ Նորայր Աղայանից փորձեցինք ճշտել` քանի հոգի են կրճատվել և ինչ է պատճառը. “Որոշակի կրճատումներ, այո, տեղի են ունենում, իսկ կոնկրետ թվեր դեռ չեմ կարող ասել”: Հարցրինք` ինչքանով է դա կապված վերջերս ընկերությունում գործադուլի հետևանքով աշխատավարձի 30-60 տոկոսով բարձրացման հետ, Նորայր Աղայանը պատասխանեց, որ, բնականաբար, տնտեսական պատճառահետևանքային կապ կարող է լինել, բայց հիմնականում արդյունավետության բարձրացման հետ է կապված, ու դա նախատեսված էր այսպես, թե այնպես, այսինքն` աշխատավարձի բարձրացում լիներ, թե չլիներ, նման գործընթաց պետք է կատարվեր. “Հիմա աշխատուժի օպտիմալացման խնդիր կա դրված, որ պետք է իրագործվի: Արդյունաբերության բարձրացման նպատակ է հետապնդում: Նկատի ունեմ, որ մարդկանց ու գոյություն ունեցող աշխատանքի քանակը իրար չի համապատասխանում, այդքան աշխատանք չկա բոլորի համար”, նշեց Նորայր Աղայանը` խոստանալով ավելի ուշ տրամադրել կրճատվածների թվերը, քանի որ վերջնական թվերը դեռ պարզ չեն:
|