|
Մենք կամավորականներ ենք` հայորդիներ, ովքեր 1988-ից հայրենիքի եւ արյան կանչով գնացին ինքնամոռաց մաքառելու հանուն հայրենի երկրի անկախության, ազատության եւ բարեկեցիկ ապագայի: Արցախյան ազատամարտում բազմաթիվ մեր ընկերների կյանքերի եւ մեզ բաժին հասած փորձությունների գնով ձեռք բերվեց այդքան կարեւոր հաղթանակը, սակայն, ցավոք սրտի, ներկայիս Հայաստանը որեւէ կերպ չի համապատասխանում այն պայծառ տեսլականին, որը կրծքում անթեղած մենք ելել էինք կենաց ու մահու պայքարի: Մենք չենք տրտնջում մեզ բաժին հասած զոհողությունների ու զրկանքների համար, քանզի քաջ գիտակցում ենք, որ յուրաքանչյուր պետություն աշխարհաքաղաքական հարթությունում պատերազմի փորձությունը հաղթահարելով է միայն ձեռք բերում տեղ եւ միջազգային ճանաչում: Նշվածով հանդերձ` մենք հասկանում ենք, որ բարձր պատասխանատվություն ենք կրում ազգի եւ ապագա սերունդների առջեւ մեր պետության որակների եւ ներկայիս իրավիճակի համար: Միմյանց հերթափոխած իշխանությունների ապազգային գործունեության արդյունքում ամեն ինչ այսօր կեղծված է, պղծված ու անդունդի եզրը հասցված: Մեր Շարքային հայրենակիցը վախենում է սեփական պետությունից ու չի վստահում նրան: Մենք համարում ենք, որ չկան ՀՀ նախկին ու ներկա իշխանություններ, կա ստի ու կեղծիքի վրա խարսխված բուրգ, որն ընդամենը անձերի փոփոխությամբ շարունակում է գործել` օր օրի երկիրը խորասուզելով իր կողմից ստեղծած կեղծիքի ու անբարոյականության ճահճի մեջ: Վերջին 15 տարիների ընթացքում թիմից թիմ, դիրքից դիրք տեղափոխվող, իրենց իսկ կողմից հռչակված ազգային նպատակների փոխարեն իշխանության կերատաշտը թիրախ դարձրած ՙքաղաքական այրերի՚ վարքագիծը վերջնականապես հիասթափեցրել է մեզ` եւս մեկ անգամ բացահայտելով, թե ինչպիսի բարոյազրկություն է տիրում մեր ազգի քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնության մեջ: Պատերազմի ավարտից մինչ օրս Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիվանագիտական ճակատում շարունակում են հանցագործ շռայլությամբ վատնել այն, ինչը Արցախյան մարտադաշտերում ձեռք է բերվել հազարավոր անձնուրաց հայորդիների կյանքի գնով: Այսօր կարող ենք փաստել, որ գնալով անհասանելի է դառնում պատերազմում տարած փայլուն հաղթանակին համապատասխանող հաշտության պայմանագրի կնքումը Ադրբեջանի հետ: ՀՀ պատմության այս հորձանուտում մենք մեզ հեռու ենք պահել հայրենի սրբությունների առք ու վաճառքի անբարո գործընթացից, սակայն այսօր երկիրը կործանման վտանգից փրկելու համար, ինչպես ազգային զարթոնքի շարժման արշալույսին, մեզ պարտավորված ենք զգում նախ ահազանգել հասարակայնությանը, ապա եւ ըստ ամենայնի ընդդիմանալ հայրենի երկրի անկմանը: Հաշվի առնելով, որ այսօր քաղաքական դաշտի տարբեր կողմերից ահազանգեր են հնչում հայ-թուրքական հարաբերությունների ՙջերմացման՚ ճակատագրական հետևանքների մասին, եւ առաջնորդվելով Հայաստանի հասարակության միասնականության բարձրագույն գիտակցմամբ` Հայաստանի իշխանություններից պահանջում ենք ` ա. գաղտնազերծել ՙճանապարհային քարտեզ՚ կոչված փաստաթղթի բովանդակությունը կետ առ կետ բ. Թուրքիայի հետ սկիզբ առած բանակցային գործընթացում հասարակությանը տեղյակ պահել Արցախի հիմնահարցի հետ առնչվող բոլոր պայմանավորվածությունների մասին գ. ապահովել Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների թափանցիկությունը, իսկ բանակցային գործընթացի արդյունք հանդիսացող վերջնական փաստաթղթի վավերացումը իրականացնել արդարացի համաժողովրդական հանրաքվեից հետո միայն: դ. գաղտնազերծել ու հրապարակել Մադրիդյան սկզբունքները, ինչպես եւ լայն հասարակայնության առջեւ հանդես գալ Արցախյան հարցի շուրջ բանակցությունների ներկա հանգրվանի նկարագրով: Գտնում ենք, որ վերը նշված պահանջները ՀՀ իշխանությունները պետք է բավարարեն 21 օրվա ընթացքում, որպեսզի մեր ազգի ճակատագրի համար վճռորոշ նշանակություն ունեցող այս հարցերի կապակցությամբ թե` քաղաքական ուժերը, թե` հասարակական կազմակերպությունները եւ թե` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կողմնորոշվելու հնարավորություն ունենան: 09 փետրվար 2010թ. Ազատամարտի եղբայրություն Ղարաբաղի պատերազմի վետերաններ Դաշտային հրամանատարների խորհուրդ
|