|
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը խոսելով խորհրդարանում կառավարության ներկայացրած հարկային օրինագծի մասին, որով նախատեսվում է սահմանել տարածքային նոր հարկատեսակներ, նշել է, թե այդ օրինագիծը քննադատության չի դիմանում թե իրավական, թե տնտեսական, թե սոցիալական հիմնավորվածության տեսանկյունից: Արծվիկ Մինասյանը հայտարարել է նաեւ, որ օրենքը ունի քաղաքական ենթատեքստ: “Մեր խորին համոզմամբ, այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացված է այս նախագիծը, չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ: Համենայն դեպս այն, ինչ մակերեսային ձեւով ներկայացվում է, սրա հիմքում կարող ենք եւ արդարացված կլինի մեր հետեւյալ հիմնավորումները, որ այս հարկային քաղաքականությունը բերելու է սեփականության նոր վերաբաշխման հնարավորության ընձեռնմանը: Մյուս կողմից, ուժեղացնում են անբարեխիղճ համայնքի ղեկավարների դիրքերը, թուլացնում են բաճեխիղճներին, որովհետեւ այն լծակը, որը որ տրվում է համայնքի ղեկավարին, մասնավորապես հարկ վճարողի կողմից հարկը ճամանակին չտալու դեպքում սեփականության իրավունքից զրկելու հայցով մտնել դատարան, սա էական վտանգ է ներկայացնում հատկապես այն համայնքներում, որտեղ որ իսկապես քաղաքացիները կամ ազգաբնակչությունը չունեն եկամուտների մեծ հոսքեր”, ասում է Արծվիկ Մինասյանը: Նա առաջարկում է, որ օրինագիծը քննարկվի նախ եւ առաջ հայեցակարգային մակարդակով: “Հայեցակարգ, որտեղ պետք է պատասխան տրվի իմ կողմից հնչեցված, ինչպես նաեւ դեմ արտահայտվողներից շատերի կողմից հնչեցված հարցադրումներին: Սկսած նրանից, թե այս հարկատեսակներն ինչպիսի հետեւանքներ են ունենալու, ինչով է հիմնավորվելու սրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որքանով է, որ սրանք համապատասխանում են իսկապես հարկ հասկացությանը, այլ ոչ թե տուրքերի մակարդակում վերածում ենք հարկերի, որպես անընդհատ ճնշման գործիք դարձնենք”, ասում է Արծվիկ Մինասյանը, ասելով, թե օրինակ օգտագործվում է օրինագծում “վաճառքի հարկ” հասկացությունը, բայց չի ներկայացվում, թե ինչ է դա նշանակում: “Իսկապես չկա որեւէ բացատրություն: Կամ գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ: Պարզ է չէ, որ մեծահարուստները, որոնք տիրապետում են խոշոր հողերի, այսօր այդ հողերի մշակման որեւէ խնդիր չունեն: Շատ լավ էլ մշակում են իրենք, կամ առնվազն այդ ներդրումները կատարում են, թեկուզ այն բանի համար, որպեսզի իրենց ստվերային եկամուտները թաքցնեն հողի մեջ: Բայց հիմնականում, այն գյուղատնտեսական հատվածներում, որտեղ մարդիկ ունեն փոքր հողակտորներ, նրանք կամ չեն մշակում, որովհետեւ չունեն անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ, կամ չի արդարացնում այդ հողի մշակումը: Եթե սրա նպատակը հողերի խոշորացման ծրագրի կյանքի կոչելն է, ապա դրա համար այլ հիմքեր եւ նպատակադրումներ կան”, ասում է Արծվիկ Մինասյանը, նշելով օրինակ կոոպերացիայի տարբերակը, երբ գյուղացին, լինելով հողի սեփականատեր, պահպանում է դրա հանդեպ սեփականության, դա կտակելու եւ ժառանգելու իրավունքը, բայց հողը վարձակալության է տալիս մշակելու համար:
|