|
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր ապացույցների բացակայության պատճառաբանությամբ արդարացման դատավճիռ է կայացրել Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանի գործով: Մեղադրող կողմը հանդես է եկել քրեական գործը կարճելու միջնորդությամբ։ Հակոբյանի գործը շարունակվում էր անցած տարվա հուլիսից։ Թեև Արշալույս Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց և նա ազատ արձակվեց, սակայն քրեական գործը չէր կարճվում։ Մեղադրող կողմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել ժամանակ տրամադրել գործով քննությունը շարունակելու համար։ Սակայն ինչպես այսօր պարզվեց, մեղադրող կողմն այդ ժամանակն անարդյունավետ էր օգտագործել և ստիպված էր գործը կարճելու միջնորդությամբ հանդես գալ։ Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրել 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատամբ բռնություն գործադրելը): Հակոբյանը ձերբակալվել էր 2009թ. հուլիսի սկզբին և 4 ամիս անցկացրել բանտում: Հելսինկայն ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանի կարծիքով, այլ կերպ չէր կարող լինել, քանի որ դատական պրոցեսի ձգձգումից հոգնել էր նաև մեղադրող կողմը: “Չէի հասկանում՝ ինչ էին պրպտում ու ման գալիս այսքան ժամանակ, ասաց նա, պիտի մի բան գտնեին, բայց չէին կարողանում, չէին իմանում՝ ոնց փակել տային գործը, ախր ամեն ինչ պարզ էր”։
|