Lragir.am - Armenian Online

 Շաբաթ, 13 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ԴԱՏԱՎՃԻՌԸ ԳՈՒՑԵ ՎԵՐԱՆԱՅՎԻ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը և Միջին Ասիայի և Արևելյան հարցերով պատասխանատու Ալեքսանդրա Կուլաևան այսօր հանդիպել են Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ապրիլի 6-8-ը Երևանում կայանալիք մարդու իրավունքներին նվիրված միջազգային համաժողովին նախարարի մասնակցության հարցը:
 
FIDH–ի ներկայացուցիչները նախարարի ուշադրությունն են հրավիրել 2008 թ. մարտի 1-ին զոհված տասը քաղաքացիների սպանության հանգամանքներին՝ նկատելով, որ «սպանության դեպքերից և ոչ մեկով մինչ օրս հետաքննություն արված չէ»։ Նախարարին ներկայացրել են նաև Նիկոլ Փաշինյանի գործը։
 
«Նախարարի ուշադրությունը հրավիրեցինք այն հանգամանքին, որ, մեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանի դատավճիռը բավական խիստ է, ինչն էլ խանգարում է, որպեսզի նրա նկատմամբ համաներում կիրառվի։ Փաշինյանը զրկված է եղել համաներումից օգտվելու հնարավորությունից, չնայած այն բանին, որ իշխանությունները խոստացել էին համաներում կիրառել», մեր զրույցում նշեց նախագահը։ Տիկին Սուեր Բելասենը նախարարի հետ զրույցում մասնավորապես ընդգծել է, որ անկախ այն բանից, թե ինչ հանցանքի մեջ են մարդուն մեղադրում, միևնույն է, նա ունի արդար դատաքննության և գործի լուրջ ու օբյեկտիվ հետաքննության իրավունք։
 
«Ի պատասխան նախարարն ասաց, որ Փաշինյանի մեղադրանքը բավականին լուրջ է և պատիժը իրեն անհամաչափ չի թվում, այսուհանդերձ, նա մեզ հասկացրեց, որ համաներումը կարող էր կիրառվել և հնարավոր է դեպքերի նոր զարգացում՝ ուղղակի պետք է աշխատել այդ ուղղությամբ», նախարարի խոսքը ներկայացրեց միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահը։
 
Տիկին Բելասենը նախարարին ներկայացրել է նաև Սաշա Դավթյանի դեպքը, ով անցած տարվա դեկտեմբերին մասնակի արդարացվեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։ «Մեզ համար այս դեպքը առանձնակի ուշադրության կարիք ուներ, քանի որ ցուցմունքներ ստանալու նպատակով կատարված բռնության փաստերն ընդունվել էին անգամ դատարանի կողմից, և դատարանը չկայացրեց այն վճիռը, որը պահանջել էր մեղադրող կողմը։ Ակնհայտ է, որ և մեղադրյալի, և տուժող վկաների հանդեպ ցուցաբերվել է վատ վերաբերմունք», ասում է տիկին Բելասենը, ով խնդրել է նախարարին այս փաստերը ներկայացնել նաև գլխավոր դատախազին։ 
 
«Երբ գործում ի հայտ են գալիս այնպիսի փաստեր, ինչպիսիք չի հերքում նաև դատարանը, անհրաժեշտ է օբյեկտիվ քննություն, և որ մեղավորները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն։ Մինչև նման իրողությունները չընդունվեն ի գիտություն, խոսել արդարադատության մասին դեռ վաղ է», համոզված է իրավապաշտպանը։։
 
Նույն համատեքստում ներկայացվել է նաև Գուլյանի գործը,որին FIDH–ը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ միասին սկսել է հետևել դեպքից անմիջապես հետո։
 
«Գուլյանի ընտանիքն այսօր դարձյալ հերթական անհաջողությունն ունեցավ դատարանում, մինչդեռ այդ հանցանքի մեղավորներն անպատիժ են մնում։ Արդարադատության նախարարին այս դեպքի առթիվ ասացինք, որ այստեղ ևս գործ ունենք անպատժելիություն կոչվող երևույթի հետ, որը ազդեցիկ «մեսիջ» է ոչ միայն կոնկրետ այս դեպքի առումով, այլև նման մյուսների։ Նմանատիպ հարցերին մենք անդրադառնալու ենք նորից ու նորից», խոստացավ տիկին Բելասենը։
 
Նախարարի հետ քննարկել են նաև Վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի հետ կապված իրենց մտահոգությունները, որ «հանձնաժողովը լիարժեքորեն չի իրականացնում իրեն վերապահված գործառույթները։
 
Նախարարը բավական ուշադիր լսել է հանձնաժողովի գործունեության վերաբերյալ փաստարկները։ Գևորգ Դանիելյանը նշել է, որ առաջընթաց այս ոլորտում անհրաժեշտ է,և որ իրենք այդ ուղղությամբ աշխատում են։ Նախարարը նշել է նաև, որ հանձնաժողովի ստեղծումն, այդուհանդերձ, մեկ քայլ առաջ է, քանի որ նման որոշումները նախկինում ընդունվում էին դատարաններում, ինչն իր հետ բերում էր կոռուպցիոն ռիսկեր։
 
«Նա ընդունեց իրողությունը, այն է՝ հանձնաժողովի որոշումների վիճարկման անհնարինությունը ստեղծում է բարդ իրավիճակ, և այդ կետը պետք է վերանայել», նախարարի խոսքը ներկայացրեց տիկին Բելասենը։
 
Իրավապաշտպանի գնահատմամբ, Արդարադատության նախարարի հետ զրույցը բաց էր և արդյունավետ։ «Սակայն բնական է, որ որոշ հարցերում մեր կարծիքները չէին համընկնում։ Մասնավորապես մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված տասը քաղաքացիների ու խոշտանգումների հետ կապված դեպքերի առումով»։
 
Սակայն միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահը համոզմունք հայտնեց, որ «խոշտանգումների ու բռնությունների դեպքերի պատասխանատուն հենց պետությունն է»։ «Այս հարցերը բարձրաձայնում ենք միջազգային համաժողովին ընդառաջ, քանի որ բոլոր այդ դեպքերի վերաբերյալ քննարկումներ են լինելու հենց համաժողովի շրջանակներում։
 
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


 

 

Բաժնի նյութերը