|
ԱԺ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 5-իՆ աշխատանքից ազատվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը: Պաշտոնական պատճառն այլ աշխատանքի անցնելու հանգամանքն է: «Անկեղծորեն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` անցած ժամանակաշրջանում իր ղեկավարությամբ արդյունավետ համատեղ աշխատանքի համար: Խորհրդարանը յուրահատուկ քաղաքական դպրոց էր, որտեղ ինձ հնարավորություն ընձեռնվեց ներկա գտնվելու մեր քաղաքական կյանքի կարեւորագույն զարգացումներին: Ես ջերմությամբ եմ վերհիշելու ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին եւ աշխատակազմի բոլոր գործընկերներին: Նրանց օժանդակությունն էապես նպաստել է իմ աշխատանքային պարտականությունների կատարմանը: Վերջապես, երախտագիտության թերեւս ամենակարեւոր խոսքն ուզում եմ հղել լրագրողների համքարությանը: Հուսով եմ` օգտակար եմ եղել Ազգային ժողովում ձեր մասնագիտական պարտականությունները կատարելու գործում: Հուսով եմ նաեւ, որ հետագայում եւս շատ ջերմ հանդիպումների առիթներ կունենանք», իր աշխատանքից ազատվելու առիթով ասել է Նաիրի Պետրոսյանը: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:
|