|
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ոստիկանի կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության` Էրեբունու բաժնի հերթապահ մասի օպերատիվ հերթապահի օգնական Մայիս Պետրոսյանը 2009թ. նոյեմբերի 4-ին` ժամը 14:15-ի սահմաններում, լքել է օպերատիվ հերթապահի սրահը եւ մտել հանգստի սենյակ: Արդյունքում` հերթապահ մասի սրահում գտնվող կալանավոր, գողության մեջ մեղադրվող Գ. Ասատրյանը հայտնվել է հսկողությունից դուրս եւ, օգտվելով այդ հանգամանքից, դիմել փախուստի: Երկու օր հետո նա հայտնաբերվել է ու կալանավորվել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Մայիս Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
|