|
Հունվարի 9-ին, ժամը 13-ին Մուսա Լեռ հյուրանոցային համալիրում (Դավիթ Բեկի 1/5) տեղի կունենա Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 7-րդ հերթական համագումարը: Այս կապակցությամբ ՍԴՀԿ մամուլի դիվանի տարածած հայտարարության մեջ ասվում է. 'Ի սկզբանե համագումարը նախատեսված էր անցկացնել Երևան քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկում: Այդ նպատակով դիմում էր ներկայացվել մի շարք հյուրանցների (Կոնգրես Հյուրանոց, Անի Պլազա, Երևան հյուրանոց և այլն) և բոլորից մերժում է ստացվել: Կուսակցությունը նաև դիմել է ՀՀ Կառավարություն ` Կառավարության Նիստերի դահլիճը վարձակալելու նպատակով, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել': Նշենք, որ սա Լյուդմիլա Սարգսյանի կողմնակիցների համագումարն է: ՍԴՀԿ մյուս թեւն անմիջապես տարածել է հայտարարություն, որում ասվում է. 'Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը հայտարարում է, որ ՍԴՀԿ արտահերթ 7-րդ համագումարն արդեն իսկ կայացել է դեկտեմբերի 16-ին` ՍԴՀԿ գործող մասնաճյուղերի և 6-րդ Համագումարում ընտրված Կենտրոնական Վարչության անդամների բացարձակ մեծամասնության պահանջով: Ինչ վերաբերում է հունվարի 9-ին նախատեսված վտարվածների ռեստորանային հավաքին, ապա ՍԴՀԿ-ն որևէ կապ չունի այդ միջոցառման հետ և հայտարարում է այն հակականոնագրական և հակաօրինական: Հնչակյան կուսակցությունը նաև հայտարարում է, որ սկսվել է դատական գործընթաց, որի նպատակն է օրինական կերպով վերականգնել Կուսակցության իրավունքները ՍԴՀԿ կնիքի և փաստաթղթեր վրա':
|