|
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ին Գեղարքունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 62-րդ կիլոմետրում` Ներքին Գետաշեն գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար: Պարզվել է, որ Հոնդայի մակնիշի ավտոմեքենան, վրաերթի ենթարկելով Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Աղասի Գեւորգյանին, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել ծառին: Պատահարի հետեւանքով Ա. Գեւորգյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի վարորդ, նույն մարզի Լիճք գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Հայկ Պողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց, ավելի ուշ` Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է: Նույն օրը, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար: Պարզվել է, որ իրար են բախվել ՎԱԶ-2107 մակնիշի ՎԱԶ-2103 մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի Արեւաշող գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Արթուր Հակոբջանյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 1966 թ. ծնված Ա. Սողոմոնյանը, նույն մարզի Սոլակ գյուղի բնակիչներ` 1961 թ. ծնված Ֆ. Հունանյանը, 1962 թ. ծնված Հ. Հունանյանը, 1962 թ. ծնված Վ. Խաչատրյանը եւ ՎԱԶ-2103 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Մ. Մալյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:
|