|
Մի քիչ մտածելուց հետո Օրինաց երկիրը այդուհանդերձ գտավ իր նախարարներին հետ կանչելու եւ նորերին նշանակելու պատճառ: Պարզվում է, որ պատճառը կուսակցությունն ուժեղացնելն է, ինչի համար էլ Մհեր Շահգելդյանին եւ Գուրգեն Սարգսյանին հետ են կանչել, ու նրանց փոխարեն առաջարկել են Մանուկ Վարդանյանին եւ Արմեն Երիցյանին: Նրանք, ընդ որում, իբր թե ՕԵԿ-ական են: Այսինքն, դե յուրե արդեն ՕԵԿ-ական են: Եվ հետաքրքիր է, թե երբ են նրանք հասցրել համակվել ՕԵԿ գաղափարներով ու ծրագրերով, եթե ընդամենը երկու տարի առաջ շատ հանգիստ պաշտոնավարում էին իրենց պաշտոններում նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության ժամանակ, երբ Օրինաց երկիրը ոչ միայն իշխանության մաս չէր, այլ նույնիսկ հռչակվել էր դավաճան: Բայց ամենահետաքրքիրն իհարկե պատճառն է, որ ՕԵԿ-ը գտել է իր նախարարների փոփոխությունը հիմնավորելու համար: Նախ, դրանից պարզվում է, որ Օրինաց երկիրն արդեն պատրաստվում է ընտրություններին, եթե որոշել է, որ կուսակցությունը պետք է ամրացնել: Հետաքրքիր է, թե որ ընտրություններին է պատրաստվում ՕԵԿ-ը` հերթական, թե արտահերթ: Կամ պատրաստվում է իր նախաձեռնությամբ, թե նրան այդ բանը խորհուրդ է տվել բարձրագույն իշխանությունը: ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, թե կոալիցիոն հուշագիրը իրենց իրավունք վերապահում է ինքնուրույն որոշել նախարարներին փոխելու մասին: Այսինքն, ակնարկվում է, որ որոշումը ՕԵԿ-ը կայացրել է ինքնուրույն: Դա թերեւս նույնքան ինքնուրույն որոշում կլինի, ինչքան որ ինքնուրույն են Մանուկ Վարդանյանն ու Արմեն Երիցյանը որոշել դառնալ ՕԵԿ անդամ, որ հետո էլ նշանակվեն նախարար: Մի բանում է թերեւս ակնհայտ ՕԵԿ ինքնուրույնության հանգամանքը` կատարվածի պատճառ, հիմնավորում եւ բացատրություն գտնելը: Այդ հարցում, ըստ ամենայնի, կարծես թե ՕԵԿ-ին տվել են ինքնուրույնություն:
|