Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 10 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԵԾ ԿՈՄԲԻՆԱՏՈՐՆԵՐ

Եթե մեծ Կոմբինատորի կարծիքով, “պատճառ միշտ էլ կգտնվի”, ապա “փոքր կոմբինատորները” երբեմն դժվարանում են պատճառ գտնել իրենց գործերի համար: Դրա վկայությունը թերեւս ՕԵԿ-ի քվոտայով նշանակված նախարարների փոփոխությունն է, որ տեղի ունեցավ մարտի ուղիղ կեսին: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հենց այդպես էլ պատասխանել էր փոփոխության պատճառի մասին lragir-ի թղթակցի հարցին: “Ոչ մի պատճառ էլ չկա”, ասել էր Հեղինե Բիշարյանը: Զարմանալի է, որ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրելու պատճառ ՕԵԿ-ը գտավ, ի դեմս “քաղաքացիական պատերազմից խուսափելու եւ ավելի մեծ արյուն չհեղելու հոգսի”, իսկ ահա երկու նախարար փոխելու պատճառ Օրինաց երկիրը չի կարողացել գտնել, կամ միանգամից չի կարողացել գտնել, ու թերեւս ժամանակ է պետք հորինելու համար:
 
Մինչդեռ իսկապես, գուցե ոչ պատճառ կա, ոչ էլ հորինելու կարիք: Պարզապես ՕԵԿ-ին ասել են, որ պետք է նախարարներին հետ կանչի, ՕԵԿ-ն էլ բնականաբար արել է, ինչպես որ ասել են: Չէ որ կոալիցիան սուրբ բան է` կամ անում ես այն, ինչ ասում են, կամ հայտարարում ես կոալիցիայից դուրս գալու մասին: Ու քանի որ խորհրդարանի ընտրությանը դեռ երկու տարի ու մի քանի ամիս կա, ՕԵԿ-ը նախընտրում է անել այն, ինչ ասում են, ոչ թե դուրս գալ կոալիցյաից: Կոալիցիայից սովորաբար ընտրությունից մեկ տարի առաջ են դուրս գալիս: Կամ էլ երեւի թե Օրինաց երկիրը պարզապես կանգնել է դիլեմայի առաջ` կամ Արթուր Բաղդասարյանը կառուցում եւ պահպանում է իր նոր կոնյակի գործարանը եւ դրա դիմաց զիջում է նախարարական քվոտաները, կամ քվոտաները պահպանում է, իսկ կոնյակի գործարանը կառուցում ու գրավ դնում նախարարական պորտֆելների դիմաց:
 
Բայց ամենից հարմար պատճառն իհարկե կրկին կա եւ կմնա “քաղաքացիական պատերազմից խուսափելու հոգսը”: Օրինաց երկիրը կարող է ասել, որ եթե նախարարներին հետ չկանչեր, ապա կարող էր քաղաքացիական պատերազմ սկսել, ու դա կանխելու համար էլ փաստացի զիջեց նախարարությունները:
 
Իսկ որ խոսքը հենց այդ, այսինքն զիջելու, ոչ թե նախարարներին փոխելու մասին է, թերեւս աներկբա է: Բանն այն է, որ կապի ու տրանսպորտի նախարար նշանակված կադաստրի կոմիտեի նախկին պետ Մանուկ Վարդանյանն ու արտակարգ իրավիճակների նախարար նշանակված փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը Օրինաց երկրի հետ երեւի թե այնքան կապ ունեն, ինչքան որ ՕԵԿ-ի հետ կապ ունեն ասենք ինկերն ու ացտեկները: Նրանց նշանակումն ուղղակի վկայում է, որ նախարարությունները, որ ՕԵԿ-ին էին տրվել, հետ են վերցվում ՕԵԿ-ից:
 
Բնականաբար հարց է առաջանում, թե ինչու: Միթե ՕԵԿ-ին “մայթեզրին” թողնելու ժամանակն է մոտենում: Թերեւս այո, եւ այդ մասին իշխանությունն ՕԵԿ-ին ակնարկեց դեռ նախորդ տարվա մայիսին, կուսակցությանը դուրս թողնելով քաղաքապետարանի Ավագանու տեղերի հավակնորդների շարքից: Բայց իշխանությունը հազիվ թե այդ, այսինքն ՕԵԿ-ին մայթեզրին թողնելու խնդրով զբաղվեր այժմ, երբ կարծես թե բավական դինամիկ գործընթացներ են տեղի ունենում արտաքին ոլորտում, որոնց ազդեցությունը կարող է մեծ լինել ներքին կյանքի վրա: Ավելի հավանական է այն տարբերակը, որ իշխանությունը լուծում է ներիշխանական դասավորության, ներիշխանական պայմանավորվածությունների կամ վերադասավորումների հարցեր, որոնք պարզապես լուծվում են ՕԵԿ հաշվին:
 
Բա հո Բարգավաճ Հայաստանի հաշվին չէին փորձի բավարարել ներիշխանական տարբեր խմբերի կամ բեւեռների քաղաքական հավակնությունները: Դրանք բնականաբար պետք է բավարարվեին իշխանության ամենաթույլ օղակի, իսկ ավելի ճիշտ` դեկորացիայի հաշվին: Եվ փաստացի “ՕԵԿ” անվանումը կրող դեկորը մի տեղից մյուսն են դրել, որպեսզի տեղը ազատվի եւ օգտագործվի ավելի կարեւոր նպատակներով, որոնց թվում կարող է լինել թե ներիշխանական բեւեռների միջեւ պայքարում առավելության հասնելը, թե բեւեռներից որեւէ մեկի հավակնությունները գոնե առժամանակ զսպելը:
 
Իսկ որ տեղի ունեցած կադրային փոփոխության բուն նպատակը հենց այդօրինակ քաղաքական համատեքստում է, երեւի թե կասկած չկա: Բանն այն է, որ եթե կառավարության մեջ կար կադրային փոփոխությունների անհրաժեշտություն, ապա դա սովորաբար տեղի է ունենում այն ոլորտներում, որտեղ նկատվում են լուրջ թերություններ: Իսկ երբ տնտեսական ճգնաժամը լուրջ հարվածներ է հասցնում տնտեսությանը, ապա փոփոխության սովորաբար ենթակա են լինում տնտեսական կամ սոցիալական բլոկի նախարարները: Իսկ արտակարգ իրավիճակների ու կապի եւ տրանսպորտի ոլորտներում կարծես թե ամեն ինչ բավական բարվոք էր, համենայն դեպս մյուսների հետ համեմատած ավելի վատը չէր: Թեեւ իհարկե հատկանշական է մի հանգամանք, որ օրեր առաջ տարածվեց տեղեկություն այն մասին, որ արտակարգ իրավիճակների նախարարության վարչություններում դատախազությունը հայտնաբերվել էր չարաշահումներ եւ գործ էր հարուցել այդ կապակցությամբ: Երեւի թե ՕԵԿ-ն այդուամենայնիվ չի ցանկացել “մայթեզրին” մնալ ու դիմադրել է մի քիչ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


Ընթերցողների արձագանքները


*  
*
* - Դաշտերի լրացումը պարտադիր է
 
  

 

 

Հակոբ Բադալյանի հոդվածները
ԻՍԿ ՎԱԽԵՆԱԼ ՊԵՏՔ Է
16:52:37 - 09/09/2010


Բաժնի նյութերը