|
Հայաստանում կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել հեռուստաեթերը: Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային հանձնաժողովը չափորոշիչներ է մշակել, որոնք պետք է նպաստեն եթերը ազատելու էրոտիկայից, սարսափ եւ բռնություն պարունակող ֆիլմերից եւ անչափահասների մտավոր ու ֆիզիկական զարգացման վրա բացասական ազդեցություն թողնող հեռուստահաղորդումներից: Մասնավորապես, էրոտիկայի չափորոշիչները սահմանելով, ինչը նշանակում է, որ դրանց առկայության դեպքում տվյալ նյութը եթերի համար կդիտվի անթույլատրելի, հանձնաժողովը գրում է. “Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ցուցադրումը որպես դրվագ նպաստում է ստեղծագործության գեղարվեստական գաղափարական մտահղացման իրականացմանը և ապահովում է բովանդակային ամբողջականությունը”: Իսկ ով է որոշելու դա: Չէ որ դա ճաշակի, մեկնաբանության հարց է: Դե, իսկ եթե Հայաստանում օրենքն է հաճախ մեկնաբանվում ըստ իշխանության նպատակահարմարության, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել էրոտիկ տեսարանների առումով: Ցանկության դեպքում կարելի է նույնիսկ Վիննի Թուխը համարել էրոտիկա, քանի որ այնտեղ բազմիմաստ երգվում է. “Ուր ենք գնում մենք Պյատաչոկի հետ, մեծ, մեծ գաղտնիք է”: Մեկի համար գեղասահքը արվեստ է, մյուսի համար էրոտիկա. երբ տղամարդն ու կինը հանդիսատեսի առաջ իրար են գրկում, տակից մտնում վրայից ելնում, եւ այլն, եւ այլն: Կամ, հանձնաժողովը նշում է սարսափի ու բռնության կատեգորիայի չափորոշիչները, վերջում գրելով, որ արգելվում է դրանց “չարդարացված պատկերումը”: Կրկին հարց է առաջանում, իսկ ով է որոշելու` արդարացված է պատկերումը, թե չարդարացված: Նորից խնդիրը գտնվում է մեկնաբանության տիրույթում եւ կարելի է մեկնաբանել ցանկացած կերպ, ըստ նպատակահարմարության: Ծանոթանալով չափորոշիչներին, դրանց սահմանման ձեւակերպումներին, տպավորությունն այն է, որ ավելի շատ ոչ թե լուծվում է եթերը էրոտիկայից, բռնությունից եւ անդաստիարակությունից զերծ պահելու, այլ հեռուստաընկերությունների կախվածությունը մեկ կամ մի քանի աստիճանով էլ առաջ տանելու հարց: Ասենք, որեւէ մեկը եթե հեռուստաեթերում խոսի մարտի 1-ի իրադարձությունների մասին, դա կարող են մեկ էլ որակել որպես սարսափի եւ բռնության “չարդարացված” հիշատակում: Թվում է ծայրահեղություն է, բայց չէ որ մեկնաբանության հարց է, ով ինչպես կմեկնաբանի: Օրինակ, չէ որ անչափահասների մտավոր դաստիարակության վրա կարող են ազդել այնպիսի հեռուստահաղորդումներ, որտեղ ասենք Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Արթուր Բաղդասարյանը ռեվերանսներ են անում Սերժ Սարգսյանին: Ինչ մտածի անչափահասը, երբ տեսնում է, թե ինչպես մարդը, որը երկու տարի առաջ Սերժ Սարգսյանին հանցագործ էր հռչակում, այսօր հռչակում է պետության լիդեր եւ մեծ գործիչ: Ինչ մտածի անչափահասը, երբ տեսնում է, որ մեկը, ով Սերժ Սարգսյանին երկու տարի առաջ ակնարկում էր “իդիոտ”, ու նրանից լսում նույն պատասխանը` “իդիոտը ինքն է”, այսօր Սերժ Սարգսյանի ձեռամբ նշանակվում է Հանրային խորհրդի նախագահ եւ ընդունում է այդ պաշտոնը: Ինչ կմտածի երիտասարդ սերունդը, երբ տեսնի, թե ինչպես Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը, որ Սերժ Սարգսյանին կիսագրագետ, անգրագետ կամ ընտրակեղծարար էին հռչակում երկու տարի առաջ, նրան մեղադրում էին Արթուր Բաղդասարյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար, այժմ դարձել են պալատական “սազանդար” եւ գովերգում են Սերժ Սարգսյանին: Հայաստանի հեռուստաեթերն ունի իսկապես էթիկական, մասնագիտական, գեղագիտական, տեխնիկական եւ տարատեսակ այլ լրջագույն խնդիրներ: Դրանք իսկապես պահանջում են լուծում, քանի որ մեծ է հեռուստաեթերի ազդեցությունը մարդկանց մտավոր ու ֆիզիկական առողջության, ճաշակի եւ աշխարհայացքի ձեւավորման վրա: Բայց, լուծման առաջին քայլը, որով պայմանավորված կլինի հետագա քայլերի արդյունավետությունը, թերեւս այն է, որ նախ պետք է ազատականացնել հեռուստատեսային ոլորտը, ապահովել եթերի ազատություն, իսկ հետո աշխատել իրական կյանքը փոխելու ուղղությամբ, որովհետեւ ինչքան էլ հեռուստատեսությունն ունենա մեծ ազդեցություն, միեւնույն է, Հայաստանի պես փոքր երկրում կյանքը, իրականությունն ավելի ազդեցիկ է, ու ինչքան էլ եթերից վատը ցույց տան, եթե կյանքը լավն է, միեւնույն է վատը չի լինելու ազդեցիկ, բայց ինչքան էլ եթերից ցույց տան դրախտային պետություն, միեւնույն է, մարդիկ հավատալու են նրան, ինչ կյանքում են տեսնում: Հայաստանը շատ փոքր երկիր է, կյանքը փոխեք, ու հեռուստատեսությունը կփոխվի: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Անհնար է չհամաձայնվել Աննայի գրածի հետ, ապրես, կեցցես, մանավանդ Ամալյանին կադրում պահելու հարցում...
Գայանե
,,xexch,, herusta@nkerutjunner, ba himi es inch piti aneq ....?
sergik
Միթե չի կարելի նախքան ֆիլմի սկսելը մեկ տողով գրել, որ այս ֆիմը արգելվում է անչափահասներին (ինչպես անում են բոլոր երկրներում): Նորմալ տրամաբանությանը հակասող ինչ բան կա, կարելի է տեսնել Հայլուրի ռեպորտաժներում: Թե եթերը բան չկա լցնելու??? Imbecillitas...
Համբարձում
Indz mot, orinak, amenashat sarsap e arachacnum @Banakum@ serialy. Indz tvuma, ajn nkarahanvel e, vor mardik chuzenan banak gnan kam aneliutjunic gnan u storanan
Ha eli
Հայկական հեռուստաալիքները ցենզուրայի են ենթարկվելու: Սեւ հումոր ա չէ
երեկ Երկիր TV Արա Սիմոնյանին ու զամ-Գեղամյանին էին կանչել: Այ էդ սարսափ ու բռնություն էր: Հուսահատությունից ու անելանելիության զգացումից չգիտեինք ինչ անեինք
Ազնիվ
Եթե ես լրագրող լինեի, երեւի հենց այսձեւ նյութ կգրեի թեմայի շուրջ: Օրինակ, Հանրայինի Նոր տարվա ծրագիրը լրիվ անդուր էր եւ չէր նայվում: Բա երբ միացնում եմ սեւ հագած տղա է երգում: Այնինչ, հեռուստադիտողը ուզում է կիսամերկ երգչուհիներ, ավելի շատ էրոտիկա, գեղեցկություն, գլամուր... : Ուղղակի հայերի մեջ կարծրատիպ է դա, որ հայկական սերիալներում չպիտի այդպիսի տեսարաններ լինեն (չեմ էլ հավատում, որ քննադատողներին դուր չի գալիս...) Հ.Գ. Հա, Արթուր Բաղդասարյանն էլ երկար ժամանակ է չէր երեւում, կարոտել էինք... :-) Հ.Հ. Գ.Գ. Հիշո°ւմ եք, որ Շվեդիայի վարչապետն էր, թե ով..., որ խրախուսում էր պոռնոգրաֆիան, որը միտված էր այդ երկրի դեմոգրաֆիան զարգացնելուն: :-)
Ամրամ
Առավոտյան էլ ես նայեցի այդ ռեպորտաժը (կրկնությունն էր երեւի): Տեսնելով նրանց անիմաստ քննարկումը, չհամբերեցի միչեւ վերջ: Դե հիմա ցանկացած շարժվող իրի մեջ կարելի է կիրք, էռոտիկա (Էռոն հունական դիցաբանության մեջ սիրո աստվածն է համարվում ) եւ պոռնոգրաֆիա տեսնել: Էռոտիկան համարվում է սեքսուալ էմոցիաները ներկայացնելու ձեւ, որն էլ հենց փոխանցվում է ֆիլմերի, գրքերի, ֆոտոների միջոցով: Ես չեմ գտնում, որ պետք է արգելել նման տեսարանները հայկական եթերներում:
ՍՈԿՐԱՏ
Սիրելի Հակոբ, բա ինչու չես անդրադարձել մեկ այլ հանճարեղ ձևակերպման: Որ պետք է հատկապես արգելվեն այն տեսարանները, որոնք մարդու մոտ ստեղծում են անելանելիության զգացում: Ես չգիտեմ այդպիսի սարսափ ֆիլմի, կամ առավել ևս էրոտիկ տեսարան, որը կարող է ստեղծել անելանելիության զգացում: Երբեմն դրանք ճիշտ հակառակ զգացում են արթնացնում: Փոխարենը անելանելիության զգացում է ստեղծում օրինակ Հայլուրը, որովհետև իսկապես անելանելի է թվում վիճակը, երբ Հայլուր դիտելով գիտակցում ես, որ երկրիդ բարձրաստիճան պետական այրերը համբուրգերի IQ ունեն, ու նրանց է վստահված երկրի օրենսդրությունը, արտաքին քաղաքականությունը և այլն: Այ դա իսկապես անելանելիության զգացում է արթնացնում: Այնպես որ համաձայն եմ, քանի դեռ կյանքը չփոխվի, անելանելիության զգացումը փոխելը հաստատ Ամալյանի տրամաչափի պրոբլեմ չի: Ի դեպ անձամբ Ամալյանին հեռուստատեսությամբ ցուցադրելն էլ պետք է արգելել, կամ դա անել ասենք 12 ից հետո: Որպես մատաղ սերնդի դաստիարակության վրա բացասաբար ազդող տեսարան, կամ ասենք որպես չարդարացված սարսափ տեսարան:
Աննա
Վաաայ, ինչ լավ-կրքոտ նկար եք դրել, Lragir.am.
Անտոնյո
|